Նախագահ Դոնալդ Թրամփը քամահրանքով է վերաբերվել Իրանի հետ խաղաղ բանակցությունների հնարավոր տապալմանը՝ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարելով. «Անկեղծ ասած, ինձ համար մեկ է, եթե դրանք ավարտվեն»։
«Ինձ համար իսկապես մեկ է: Դա ինձ բացարձակապես չի հուզում»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ, իր կարծիքով, ձգձգված բանակցությունները «սկսել էին շատ ձանձրալի դառնալ»։
Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի լուրերն այն մասին, որ իրանցի բանակցողները կդադարեցնեն շփումները ԱՄՆ-ի հետ, իսկ Թեհրանը կգնա Հորմուզի նեղուցի «լիակատար արգելափակման»՝ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, Թրամփը պատասխանել է, որ «պատրաստվում է հարցնել» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, թե «այնտեղ ինչ է կատարվում Լիբանանի հետ»։ Ավելի ուշ Reuters գործակալությունը հայտնեց, որ Թրամփը հեռախոսով զրուցել է Նեթանյահուի հետ։
Նախագահը միաժամանակ հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում նավթի գները, որոնք կտրուկ աճել են բանակցությունների կասեցման մասին իրանական լրատվամիջոցների առավոտյան հաղորդագրությունից հետո։
«Կարծում եմ՝ նավթի գինը մոտակա ապագայում քարի պես կտրուկ կընկնի»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ ամերիկացիները, հասկանալով Իրանի միջուկային հավակնությունների զսպման կարևորությունը, դեմ չեն լինի բենզինի ավելի բարձր գներին, որոնք առաջացել են պատերազմի հետևանքով։
«Հենց բացատրում ես, որ ամբողջ խնդիրը Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունն է, մարդիկ պատրաստ են լինում մի փոքր ավելի շատ վճարել»,- հայտարարել է նա։
Թրամփը պնդում է, որ լիցքավորման կայաններում գները «շատ արագ» կընկնեն։ Այնուամենայնիվ, նա բազմիցս հաակնարկել է, որ չի շտապում վերսկսել Իրանի հետ փակուղի մտած բանակցությունները։ «Եթե դրանք ավարտվել են, ուրեմն ավարտվել են։ Եթե ոչ՝ գիտեք, կարծում եմ՝ դրանք չափազանց երկար տևեցին։ Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ դրանք շատ ձանձրալի են դարձել»,- ամփոփել է Թրամփը CNBC-ին տված հարցազրույցում։
Source: https://news.am/hy/news/1040092
World
Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների հնարավոր տապալման մասին. «Անկեղծ ասած, ինձ համար մեկ է»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։