Եվրոպական միության երկրներին կառաջարկվի աջակցել պատժամիջոցների սահմանմանը իսրայելցի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրվում են Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավատորմում ձերբակալված օտարերկրյա ակտիվիստների իրավունքների խախտման մեջ։

Ըստ եվրոպացի պաշտոնյաների կազմած փաստաթղթի նախագծի, որը հայտնվել է POLITICO-ի տրամադրության տակ, ԵՄ երկրների մայրաքաղաքներն առաջին անգամ կդիտարկեն Իսրայելի կառավարության բարձրաստիճան անդամների նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու հարցը՝ հունիսի 18-19-ին Եվրոպական խորհրդի առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ։

Այս առաջարկները չորեքշաբթի կքննարկեն 27 անդամ երկրի դեսպանները։ Բրյուսելը ձգտում է ընդհանուր դիրքորոշում մշակել այս սուր հարցի շուրջ, որը պահանջում է միության բոլոր անդամների միաձայն հավանությունը։ Ընդ որում, Չեխիայի կառավարությունն արդեն խոստացել է արգելափակել իսրայելցի նախարարների դեմ ուղղված ցանկացած պատժամիջոց։

«Մենք ստիպված կլինենք լսել յուրաքանչյուրի դիրքորոշումը, նախքան վերջնական համաձայնության գալը»,- անանունության պայմանով զգուշացրել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։

Եվրամիության մի շարք երկրներ պատժամիջոցներ կիրառելու կոչ են արել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ՝ մայիսին Գազայի ծովային շրջափակումը շրջանցելու փորձի ժամանակ ձերբակալված ակտիվիստների հասցեին նրա ծաղրական արտահայտությունների պատճառով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նկատողություն է տվել Բեն-Գվիրին միջադեպի տեսագրության հրապարակումից հետո՝ հայտարարելով, որ նախարարի վարքագիծը «չի համապատասխանում Իսրայելի արժեքներին ու չափանիշներին»։

«Եվրոպական խորհուրդը դատապարտում է միջազգային ջրերում «Գլոբալ Սումուդ» (Global Sumud Flotilla) նավատորմի կալանումից հետո ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքը,- ասված է փաստաթղթի նախագծում։- Այն ԵՄ Խորհրդին առաջարկում է շարունակել աշխատանքը սահմանափակող միջոցների ուղղությամբ ընդդեմ ծայրահեղական նախարարների, որոնք հրահրում են մարդու իրավունքների նման խախտումներ և նպաստում դրան»։

Ավելի վաղ Իտամար Բեն-Գվիրն արդեն ենթարկվել էր Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցներին՝ պաղեստինցիների նկատմամբ իր կոշտ հռետորաբանության պատճառով։

Source: https://news.am/hy/news/1040100