Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ծայրահեղ աջ շրջանակները իրենց գործողությունները համակարգում են տեղական խմբավորումների հետ՝ իր կառավարությունը վարկաբեկելու համար, հաղորդում է «Reuters»-ը։

Այս հայտարարությունները հնչել են հանգստյան օրերին տեղի ունեցած հանրահավաքից հետո, որի ժամանակ Շեյնբաումը դատապարտել է ԱՄՆ կառավարական կառույցների և բիզնես շահերի ենթադրյալ միջամտությունը։

«Ես կարծում եմ, որ հենց ԱՄՆ ծայրահեղ աջ շրջանակներն են ցանկանում Մեքսիկայի հետ հարաբերությունների վատթարացում»՝ «գաղափարախոսական» տարաձայնությունների պատճառով»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շեյնբաումը։

Միևնույն ժամանակ, ձախ ուժերը ներկայացնող նախագահն ընդգծել է, որ չի հավատում, թե այդ հարձակումների հետևում կանգնած է իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը։

Երկու երկրի միջև հարաբերությունները լարված են մնում հունվարից, երբ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը երկրորդ ժամկետով: Կրակի վրա յուղ են լցնում մաքսատուրքերի և միգրացիոն քաղաքականության շուրջ շարունակվող վեճերը։

Լարվածության նոր ալիք բարձրացավ ապրիլին, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ առաջադրեց մեքսիկացի տասը պաշտոնյայի, որոնց թվում՝ Սինալոա նահանգի նահանգապետ Ռուբեն Ռոչային (կառավարող «Մորենա» կուսակցության ներկայացուցիչ), թմրավաճառության հետ ենթադրյալ կապերի համար։ , Շեյնբաումն ակտիվացրեց ազգային ինքնիշխանության պաշտպանության կոչերը, երբ ամերիկյան կողմը մեղադրանքներ ներկայացրեց «Մորենա»-ի քաղաքական գործիչների դեմ:

«Ո՞վ է որոշումներ ընդունում Մեքսիկայում. օտարերկրյա գերատեսչությունները, թե՞ ժողովուրդը,- կիրակի, 2024 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակի երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ, համակիրներին է դիմել Շեյնբաումը։- Մենք մտադիր ենք պաշտպանելու Մեքսիկայի ինքնիշխանությունն ու անկախությունը»։

Անցյալ շաբաթ Մեքսիկայի Կոնգրեսը հավանություն տվեց սահմանադրական փոփոխությանը, որը թույլ է տալիս չեղարկել ընտրությունների արդյունքները «օտարերկրյա միջամտության» դեպքում։ Ընդդիմության առաջնորդներն արդեն քննադատել են օրենսդրական նորամուծությունը՝ այն անվանելով պատրվակ՝ կրկնակի ընտրություններ անցկացնելու համար, եթե դրանց արդյունքներն անբարենպաստ լինեն կառավարող կուսակցության համար։

Չնայած դիվանագիտական տարաձայնություններին, Շեյնբաումի դիրքերը երկրի ներսում ամուր են մնում։ «El Financiero» թերթի հրապարակած հարցումը ցույց է տվել, որ նրա վարկանիշը կազմում է 69%, ինչը չեզոքացրել է մարտին նկատված թեթև անկումը։

Source: https://news.am/hy/news/1040097