Թայվանը շաբաթ օրը հայտարարել է, որ «անկախ պետություն» է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն նախազգուշացումից մի քանի ժամ անց, որով նա չինական կղզուն զգուշացրել էր պաշտոնական անկախություն հռչակելուց, հաղորդում է AFP-ն։

«Թայվանը ինքնիշխան և անկախ ժողովրդավարական պետություն է և չի ենթարկվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը»,- ասվում է Թայվանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Թրամփն ավելի վաղ ակնարկել էր, որ վերանայում է կղզուն զենք տրամադրելու հարցը։ Ի պատասխան սրան՝ Թայվանի ԱԳՆ-ն շեշտել է, որ ամերիկյան սպառազինության վաճառքը Վաշինգտոնի անվտանգային պարտավորությունների մի մասն է։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Թայվանին տրամադրվող սպառազինությանը, ապա դա ոչ միայն «Թայվանի հետ հարաբերությունների մասին» օրենքով հստակ սահմանված ամերիկյան անվտանգային պարտավորությունն է, այլև տարածաշրջանային սպառնալիքների համատեղ զսպման ձևաչափ»,- նշել են գերատեսչությունում:

Թայվանի այս հայտարարությունները հնչել են ԱՄՆ նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցի ավարտի հաջորդ իսկ օրը:

Source: https://news.am/hy/news/1035848