Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին: Թանգարանների գիշերը՝ մայիսի 16-ին, և Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, այցելուները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հայաստանյան ողջ պատմությանը:

Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ տելեգրաֆ, ռադիոկապի սարք, Մորզեի սարք, տաքսաֆոններ և այլ սարքեր: Այցելուները կարող են տեսնել՝ ինչպիսին էր կապը հարյուրամյակներ առաջ, և ինչ ճանապարհ է եղել դեպի ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ:

«Team-ը՝ որպես ազգային օպերատոր և Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ՝ սիրով է կրում կապի պատմությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը: Հեռահաղորդակցությունը մեր երկրում իսկապես հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհ է անցել՝ նշանակալի դերակատարում ունենալով Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման համար: Այդ ողջ ճանապարհը ներկայացնում ենք թանգարանում՝ պարբերաբար համալրելով նմուշները անհավանական արագությամբ զարգացող ոլորտին բնորոշ նոր սարքավորումներով և սիրով հրավիրում ենք բոլորին ծանոթանալու հեռահաղորդակցության էվոլյուցիային»,-ասում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

Տարվա ամենաթանգարանային օրերին Կապի թանգարանը խոստանում է ապահովել ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլև փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջընթացը:

Թանգարանը Երևանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում, մայիսի 16-ին կգործի 15:00-21:00-ն, մայիսի 18-ին՝ 15:00-18:00-ն:

Տոնական օրերից բացի մյուս օրերին ևս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 99 000811 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է:

Source: https://news.am/hy/news/1035428