Երբ 1998 թվականին ես դարձա նախագահ, արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 37-38 միլիոն դոլար։ Հինգից յոթ տարի անց այդ թիվը հասավ 800 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի։ Այսօրվա պայմաններում դա կհամապատասխաներ տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլարի։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչպես տեսնում եք, այդ ցուցանիշը իմ նախագահության տարիներին աճել է ոչ թե երկու կամ երեք, այլ շուրջ քսան անգամ։

Արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ըստ էության, սկսվեցին իմ նախագահության օրոք։ Հայտնի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները հաստատվեցին Հայաստանում հենց այդ ժամանակ։

Այդ տարիներին, ըստ Համաշխարհային բանկի գնահատականների, Հայաստանը նախկին Խորհրդային Միության տարածքում համարվում էր լավագույն ներդրումային ուղղություններից մեկը՝ զգալիորեն առաջ անցնելով նաև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։

Հայաստանը աշխարհի տասը ամենաարագ զարգացող տնտեսությունների շարքում էր։ Սա իմ գնահատականը չէ, այլ Համաշխարհային բանկի։ Այդ ժամանակ մեզ անվանում էին «Կովկասյան վագր»․ Համաշխարհային բանկը «վագր» տերմինն օգտագործում էր արագ զարգացող տնտեսությունների համար։

Իմ նախագահության տասը տարիների ընթացքում միջին տնտեսական աճը կազմել է 10,5%, իսկ երկրորդ ժամկետի ընթացքում՝ 12,5%։ Քանի՞ երկիր գիտեք աշխարհում, որը կարող է նման ցուցանիշներով պարծենալ։

Եվ այս ամենը ձեռք է բերվել ոչ թե ներքին ռեսուրսների, այլ արտասահմանյան ներդրումների շնորհիվ։

Ազատ առևտրի ռեժիմը, բարենպաստ հարկային քաղաքականությունը և մի շարք այլ գործոններ նպաստել են այդ արդյունքներին։ Այսինքն՝ դա լիովին հնարավոր է»,–ասել է նա։

Հարցին՝ կա՞ն որոշումներ, որոնց համար զղջում է, կամ այլ կերպ կաներ, Քոչարյանը պատասխանել է. «Ես նորից թվերով պատասխանեմ։

Իմ նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է վեց անգամ, իսկ պետական բյուջեն՝ ութ անգամ։ Դա անհնար կլիներ առանց արտասահմանյան ներդրումների։

Եվ դուք չեք գտնի որևէ արտասահմանյան ընկերություն, որը այդ ընթացքում հեռացել է Հայաստանից՝ անբարենպաստ բիզնես միջավայրի, վատ կառավարման կամ վարչակարգի պատճառով։ Այդպիսի դեպք պարզապես չի եղել։ Կային ընկերություններ, որոնք հեռացել են այլ պատճառներով, բայց ոչ այդ պատճառով։

Վերոնշյալ ցուցանիշները հնարավոր էին, որովհետև կառավարությունը արդյունավետ և ուժեղ էր։ Հնարավոր չէ ապահովել նման տնտեսական աճ և երկար տարիներ պահպանել այդ տեմպը առանց պատասխանատու կառավարման։

Այն ամենը, ինչի մասին դուք խոսում եք՝ ժողովրդավարություն և այլն, իրականում ուղիղ կապ չունի տնտեսական քաղաքականության արդյունավետության հետ։

Այսօր Հայաստանում քանի՞ քաղբանտարկյալ կա։ Ավելի քան 60։

Պարզապես տվեք ինձ իմ ժամանակների թեկուզ մեկ քաղբանտարկյալի անուն։

Տեսեք՝ ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը պարզապես զայրացուցիչ է։ Սա ժողովրդավարություն չէ։

Մենք ունենք բանտում գտնվող չորս արքեպիսկոպոս, իսկ կաթողիկոսը չի կարողանում ազատ տեղաշարժվել։ Սա ժողովրդավարությո՞ւն է»։

Ինչ վերաբերում է նրան, որ 2018–ին հայ ժողովուրդը ուզում էր ազատվել հին գվարդիայից, որը նաև ինքն էր մարմնավորում, երկրորդ նախագահը հակադարձել է. «Մի՛ շփոթեք ինձ պարոն Սարգսյանի հետ։

2018 թվականին ես արդեն տասը տարի նախագահ չէի։ Ես պաշտոնից հեռացել եմ 2008 թվականին։ Հայաստանի կառավարումը 1998-2008 և 2008-2018 թվականներին երկու բոլորովին տարբեր պատմություններ են։

Գիտեմ, որ այստեղ որոշ մարդիկ փորձում են դրանք կապել իրար, բայց ես դրա հետ համաձայն չեմ։

Ես ինժեներական կրթություն ունեմ և սիրում եմ փաստերը։ Պարզապես տվեք ինձ փաստեր։ Նշեք թեկուզ մեկ բարեկամի կամ մերձավորի անուն, որն իմ օրոք պետական պաշտոն է զբաղեցրել։

Ես լրագրողներին միշտ նույն հարցն եմ տալիս․ պարզապես բերեք փաստեր»։

Source: https://news.am/hy/news/1035430