ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի օրը ելույթ կունենան Վաշինգտոնի կենտրոնում անցկացվող զանգվածային աղոթքի հավաքին, որի կազմակերպիչները հայտարարում են, թե այն ամրապնդում է երկրի կրոնական հիմքերը, սակայն քննադատներն ասում են, որ դա «քվազիպաշտոնական հանրահավաք է՝ ի պաշտպանություն քրիստոնեական նացիոնալիզմի», հաղորդում է AFP-ն։

Հրավիրված բանախոսների ցանկում են պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

Ակնկալվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեսակապով կդիմի հավաքվածներին։ Այս միջոցառումը կազմակերպվել է Սպիտակ տան կողմից Ամերիկայի 250-ամյակի տոնակատարությունների ծրագրի շրջանակում, և տեսաուղերձում, որով Հեգսեթը ամերիկացիներին հրավիրել էր մասնակցել դրան, նա ասել էր, որ սա հնարավորություն է «վերստին նվիրաբերելու մեր հանրապետությունը Աստծուն և երկրին»։

Թրամփի իշխանության վերադառնալուց հետո ազդեցիկ քրիստոնեական նացիոնալիզմը մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ ավետարանականները կազմում են ԱՄՆ նախագահի աջակցության բազայի հիմնական տարրը։

Հեգսեթը ծայրահեղ պահպանողական ավետարանական եկեղեցու անդամ է, և Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ նրա ճեպազրույցներն առանձնացել են մարտաշունչ քրիստոնեական հռետորաբանությամբ։

Թեև նախորդ վարչակազմերն ու նախագահները պարբերաբար անցկացրել և այցելել են կրոնական հավաքներ, կիրակնօրյա միջոցառումը շարունակում է անսովոր մնալ իր մասշտաբով և կառավարության բարձրաստիճան անդամների ներկայությամբ։

Թվարկված մոտ 20 «կրոնական առաջնորդներից», որոնք հանդես կգան խոսքով, գրեթե բոլորը ավետարանական բողոքականներ են՝ բացառությամբ մեկ ռաբբիի և պաշտոնաթող կաթոլիկ արքեպիսկոպոսի։

Source: https://news.am/hy/news/1036114