Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մերժել է արևմտյան երկրների ուլտիմատումների և ճնշումների լեզուն՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունն իր որոշումները կայացնում է բացառապես սեփական ժողովրդի իրավունքներից ու շահերից ելնելով։
Իրանի պետական հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցում Բաղային նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումն ի սկզբանե անօրինական է եղել։ Նրա խոսքով՝ այն խախտում էր հրադադարի պայմաններն ու խոչընդոտում ազատ նավագնացությանը։ Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների հնարավոր չեղարկմանը՝ խոսնակը նշել է, որ այդ քայլով Վաշինգտոնը պարզապես կդադարեցնի իր հակաիրավական գործողությունները, որոնք, նրա համոզմամբ, ընդհանրապես չպետք է ձեռնարկվեին։
Բաղային հաստատել է, որ մարտի 1-ից՝ ամերիկա-իսրայելական հարձակումից հետո, Հորմուզի նեղուցը գործում է Իրանի սահմանած հատուկ ռեժիմով։ Այժմ առևտրային նավերը նեղուցով անցնում են միայն իրանական իշխանությունների հետ համաձայնեցնելուց հետո։
Նրա խոսքով՝ Իրանն ու Օմանը, որպես մերձափնյա պետություններ, մտադիր են համատեղ կառավարել Հորմուզի նեղուցում նավագնացության ապագա ռեժիմը։ Նա ընդգծել է, որ երկու երկրներն էլ պատասխանատու մոտեցում ունեն և ձգտում են ինչպես ապահովել իրենց ազգային անվտանգությունը, այնպես էլ միջազգային հանրության համար երաշխավորել անվտանգ ծովային տարանցում։
«Իրանն ու Օմանը կստեղծեն մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն թե՛ ազգային անվտանգությունը, թե՛ համաշխարհային նավագնացության անվտանգությունը»,- հայտարարել է Բաղային։
Պատասխանելով հարստացված ուրանի իրանական պաշարների ոչնչացման վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունների մասին հարցին՝ ԱԳՆ խոսնակը նշել է, որ այս փուլում Թեհրանի գլխավոր նպատակը պատերազմի դադարեցումն է։ Այդ պատճառով, նրա խոսքով, Իրանը մտադիր չէ քննարկել ուրանի հարստացմանը և հարստացված նյութի ընթացիկ պաշարներին առնչվող մանրամասներ։
Ամփոփելով՝ Բաղային ընդգծել է, որ վերջին ամիսների փորձն ու տարածաշրջանում ստեղծված հատուկ պայմաններն անհնար է անտեսել։ Նրա խոսքով՝ ցանկացած ապագա մեխանիզմ, որը կմշակեն Իրանն ու Օմանը, հավասարապես հաշվի է առնելու ինչպես երկու երկրների ազգային անվտանգության շահերը, այնպես էլ միջազգային նավագնացության անվտանգությունը, փոխանցում է Mehr-ը։
Source: https://news.am/hy/news/1039519
World
«Սկզբում՝ ավարտեք պատերազմը». Թեհրանը հրաժարվել է քննարկել ուրանի պաշարների ճակատագիրը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։