Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը 2026 թվականի աշնանը պետական այցով կմեկնի ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։
Հրավերի մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ամփոփելով մայիսի 13-15-ն անցկացված Թրամփի պետական այցը Չինաստան, հայտնել են Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ըստ նրա՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են մշտական կապ պահպանել անձնական հանդիպումների, հեռախոսազրույցների և ուղերձների փոխանակման միջոցով։
Բանակցությունների գլխավոր քաղաքական արդյունքը դարձավ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև «կառուցողական, ռազմավարական առումով կայուն հարաբերությունների» ձևավորման մասին համաձայնագիրը։
Ըստ Վան Իի՝ նոր բանաձևը ենթադրում է համագործակցություն՝ որպես փոխգործակցության հիմնական ուղղություն, կառավարելի մրցակցություն, վերահսկելի տարաձայնություններ և հրաժարում առճակատումից։
Տնտեսական ոլորտում կողմերը պայմանավորվել են շարունակել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը, ստեղծել առևտրային և ներդրումային խորհուրդներ, լուծել երկու երկրների շուկաներ գյուղատնտեսական արտադրանքի մուտքի հարցերը և նպաստել երկկողմ առևտրի ընդլայնմանը՝ մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման շրջանակում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Թայվանին։ Չինական կողմը հայտարարել է, որ Թայվանը մնում է երկու երկրների հարաբերությունների առանցքային հարցը, և հույս է հայտնել, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա «մեկ Չինաստանի» սկզբունքին ու չի աջակցի կղզու անկախությանը։
Առաջնորդները քննարկել են նաև միջազգային ճգնաժամերը։ Ըստ Վան Իի՝ Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ Պեկինը կողմ է արտահայտվում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շարունակմանը, հրադադարի պահպանմանը և Հորմուզի նեղուցով նավագնացության շուտափույթ վերականգնմանը։ Ուկրաինայի հարցում երկու կողմերն էլ հետաքրքրվածություն են հայտնել հակամարտության քաղաքական կարգավորման հարցում և պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։
Հումանիտար ոլորտում Չինաստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հինգ տարվա ընթացքում ընդունելու 50 հազար ամերիկացի դպրոցականների և ուսանողների։ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ողջունում է չինացի ուսանողների ուսումնառությունը ԱՄՆ-ում։
Չինական կողմի գնահատմամբ՝ Պեկինում անցկացված բանակցությունները պատմական էին և ռազմավարական ուղղություն սահմանեցին աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների հարաբերությունների համար առաջիկա տարիներին։
Source: https://news.am/hy/news/1035766
Football
Սի Ծինփինը 2026 թվականի աշնանը պետական այցով կմեկնի ԱՄՆ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։