ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը կրկին հայտնվել է քննադատության կենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Փերլ Հարբորում գտնվող USS Arizona հուշահամալիրի մոտ նրա մասնավոր, դիմակով սուզման մասին:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, անցյալ տարվա օգոստոսին Պատելը ծառայողական գործուղման շրջանակում եղել է Հավայան կղզիներում։ Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած պաշտոնական այցերից հետո նա վերադարձել է կղզիներ, որտեղ նրա համար կազմակերպվել է հատուկ էքսկուրսիա՝ VIP Snorkel անվամբ։
Այս սուզման ժամանակ մասնակիցները լողացել են խորտակված USS Arizona գծանավի վերևում: Նավը կործանվել էր 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Փերլ Հարբորի վրա ճապոնական հարձակման ժամանակ։ Նավի իրանի ներսում մինչ օրս գտնվում են ավելի քան 900 ամերիկացի նավաստիների և ծովային հետևակայինների աճյուններ, ուստի այս վայրը համարվում է զինվորական գերեզմանատուն և ԱՄՆ-ի ամենահարգված հուշահամալիրներից մեկը:
Սովորական այցելուներին լողալն ու դայվինգը հուշահամալիրի տարածքում արգելված է։ Բացառություններ երբեմն արվում են բարձրաստիճան պետական և զինվորական պաշտոնյաների համար:
Սակայն, Associated Press-ի տվյալներով, առնվազն 1993 թվականից ի վեր ՀԴԲ ոչ մի տնօրեն չի մասնակցել նման էքսկուրսիաների։
ՀԴԲ-ից հայտնել են, որ Փերլ Հարբոր այցելությունը եղել է ազգային անվտանգության հարցերին առնչվող պաշտոնական ծրագրի մի մասը: Ընդ որում, բյուրոն չի հիշատակել բուն սուզման մասին և չի պարզաբանել, թե ով է կազմակերպել այդ էքսկուրսիան։
Լրագրողների տվյալներով՝ Gulfstream G550 ծառայողական ինքնաթիռը, որից օգտվում է ՀԴԲ տնօրենը, երկու գիշեր մնացել է Հավայան կղզիներում, այնուհետև թռել Լաս Վեգաս:
Որոշ վետերաններ և պետական կառույցների նախկին աշխատակիցներ նման էքսկուրսիան անտեղի են համարել՝ մատնանշելով, որ USS Arizona հուշահամալիրը հարյուրավոր զինծառայողների զոհվելու վայրն է և պետք է օգտագործվի բացառապես առանձնահատուկ հարգանքի դրսևորմամբ:
Ավելի վաղ Պատելը հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում՝ կապված երիտասարդ տարիքում նրա ոչ վայելուչ վարքագծի մի շարք դրվագների՝ լրատվամիջոցներով հրապարակման հետ:
Source: https://news.am/hy/news/1035759
Football
ՀԴԲ տնօրենը կրկին հայտնվել է քննադատության կենտրոնում՝ USS Arizona հուշահամալիրի մոտ VIP սուզման պատճառով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։