Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրություններն ուրբաթ համաձայնեցրել են ռազմավարական պաշտպանական գործընկերության շրջանակը, Իրանում ընթացող պատերազմի ֆոնին հայտնել են Հնդկաստանի ԱԳՆ-ից, գրում է Reuters-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում երկու երկրները նաև նավթի ռազմավարական պաշարների և հեղուկացված նավթային գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել։

«Երկու կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև գործընկերությունը նորարարությունների ու առաջատար տեխնոլոգիաների, կադրերի պատրաստման, զորավարժությունների, ծովային անվտանգության, կիբերպաշտպանության, անվտանգ կապի և տեղեկատվության փոխանակման բնագավառներում»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Source: https://news.am/hy/news/1035764