Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։

Տեսչական մարմնից NEWS.am–ին հայտնում են, որ ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13538687 խմ ավել ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։

Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27.077.374 ՀՀ դրամի չափով:

Source: https://news.am/hy/news/1035586