Շվեյցարիայի Դաշնային հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ վերջապես կբացի տխրահռչակ նացիստական ռազմական հանցագործ Յոզեֆ Մենգելեի՝ երկար ժամանակ փակ պահված դոսյեները, սակայն չի հայտնել, թե կոնկրետ երբ, հաղորդում է BBC News-ը։
Մենգելեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փախել էր Եվրոպայից, սակայն երկար տարիներ լուրեր էին պտտվում, թե նա որոշ ժամանակ անցկացրել է Շվեյցարիայում՝ չնայած նրան, որ նրա ձերբակալության համար տրված էր միջազգային օրդեր։
Պատմաբանները բազմիցս խնդրել էին արխիվներին հասանելիություն, սակայն մինչ այժմ շվեյցարական իշխանությունները մերժում էին։ Մենգելեն բժիշկ էր, որը ծառայել է Գերմանիայի ՍՍ զորքերում։
Նա ուղարկվել էր նացիստների կողմից օկուպացված Լեհաստանում գտնվող Օսվենցիմի մահվան ճամբար, որտեղ ընտրում էր նրանց, ում ուղարկում էին գազային խցիկներ. գնահատվում է, որ այնտեղ զոհվել է 1,1 միլիոն մարդ, այդ թվում՝ մոտ մեկ միլիոն հրեա։
Հայտնի լինելով որպես «Մահվան հրեշտակ»՝ նա նաև ընտրում էր բանտարկյալների, հիմնականում երեխաների և երկվորյակների, սադիստական բժշկական փորձարկումների համար, նախքան նրանց մահվան ուղարկելը։
Պատերազմից հետո Մենգելեն, ինչպես և շատ բարձրաստիճան նացիստներ, արագ փոխեց համազգեստն ու անունը։ Կեղծ անձնագրի օգնությամբ նա Հյուսիսային Իտալիայի Ջենովայում գտնվող Շվեյցարիայի հյուպատոսությունում ստացել էր Կարմիր խաչի ճամփորդական փաստաթղթեր և դրանք օգտագործել Հարավային Ամերիկա փախչելու համար։
Կարմիր խաչը այս փաստաթղթերը նախատեսել էր ամբողջ Եվրոպայում պատերազմի հետևանքով տեղահանված կամ քաղաքացիություն չունեցող դարձած հազարավոր մարդկանց համար, սակայն դատական հետապնդումից խուսափել փորձող նացիստներին նույնպես հաջողվել էր ձեռք բերել դրանք, ինչի համար Կարմիր խաչը հետագայում ներողություն էր խնդրել։
Source: https://news.am/hy/news/1035838
Football
Շվեյցարիան կբացի նացիստական Գերմանիայի «Մահվան հրեշտակի» գաղտնի դոսյեն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։