Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը միացել են բողոքի հանրահավաքին, որը կազմակերպել էին սերբական համալսարանների ուսանողները՝ չնայած երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կառավարության՝ զանգվածային ցույցերը ճնշելու ջանքերին, հայտնել է Associated Press-ը։

Բողոքողները մի քանի ուղղություններից շարժվել են դեպի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնական հրապարակ, նրանցից շատերը կրել են պաստառներ և շապիկներ՝ «Ուսանողները հաղթում են» երիտասարդական շարժման կարգախոսով։

Ավելի վաղ նույն օրը Սերբիայի այլ քաղաքներից ավտոշարասյուներ էին ժամանել Բելգրադ։

Ուսանողները գլխավորել են կոռուպցիայի դեմ զանգվածային փողոցային բողոքների համազգային ալիքը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին 2024 թվականի նոյեմբերին Սերբիայի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգության համար, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։

Այդ բողոքի ցույցերը ստիպել էին այն ժամանակվա վարչապետ Միլոշ Վուչևիչին հրաժարական տալ, մինչդեռ Վուչիչը կոշտ դիմադրություն ցուցաբերեց ընդվզողների նկատմամբ։ Սերբիայի պետական երկաթուղային ընկերությունը շաբաթ օրը չեղարկել է դեպի Բելգրադ և հակառակ ուղղությամբ բոլոր գնացքները։

Մինչ այդ Վուչիչի աջակիցները հավաքվել էին սերբական նախագահական շենքի առջևի այգում տեղադրված վրանաճամբարում, որը նա ստեղծել էր անցյալ տարվա մարտին կայացած հերթական խոշոր հակակառավարական հանրահավաքից առաջ՝ որպես կենդանի վահան ընդվզողների դեմ։ Ոստիկանության հատուկ նշանակության ամբողջովին զինված ուժերի ցանկապատած տարածքից հնչում էր ժողովրդական երաժշտություն։

Ուսանողները հայտարարել են, որ իրենց հանրահավաքը խաղաղ է լինելու։

Source: https://news.am/hy/news/1037826