Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Մոնգբվալու քաղաքում տեղի բնակիչները հարձակվել և հրկիզել են բժշկական կենտրոնում տեղադրված վրանը, որը նախատեսված էր էբոլայի կասկածով պացիենտների բուժման և մեկուսացման համար, հայտնել է Associated Press-ը։
Աշխատակիցների տվյալներով՝ սա արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է մեկ շաբաթվա ընթացքում այն տարածաշրջանում, որտեղ արձանագրվել է հիվանդության բռնկում։
Հարձակման ընթացքում տուժածներ չեն եղել, սակայն տեղի հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ խուճապի պահին կենտրոնից փախել է վարակման կասկածով 18 պացիենտ, նրանց գտնվելու վայրն այժմ անհայտ է։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, երբ տեղացիների մի խումբ ներխուժել է կլինիկայի տարածք և հրկիզել «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպության կողմից հիվանդների բուժման և մեկուսացման համար կազմակերպված վրանը։
Տեղական իշխանություններն ու բժիշկները հարձակումը կապում են վարակի վերահսկման միջոցների նկատմամբ բնակչության աճող անվստահության հետ։
Ավելի վաղ տարածաշրջանում արդեն ոչնչացվել էր մեկ այլ բուժկենտրոն այն բանից հետո, երբ հարազատներին արգելվել էր վերցնել մահացածի մարմինը, որը ենթադրաբար վարակված էր էբոլայով։ Բժիշկներն ընդգծել են, որ մահացածների մարմինները ծայրահեղ վտանգավոր են, քանի որ մնում են խիստ վարակիչ։
Նման դեպքերում հուղարկավորման արարողություններն այժմ անցկացվում են իշխանությունների և հումանիտար կազմակերպությունների վերահսկողության ներքո, ինչը հաճախ դիմադրություն է առաջացնում տեղացիների շրջանում։
Ռվամպարա քաղաքում տեղի են ունեցել վերահսկվող զանգվածային հուղարկավորություններ՝ ոստիկանության և զինվորականների հսկողությամբ, որպեսզի նվազեցվի վիրուսի հետագա տարածման վտանգը։
Տեղական իշխանությունները սահմանափակումներ են մտցրել հուղարկավորման արարողությունների և զանգվածային հավաքների նկատմամբ, որպեսզի դանդաղեցնեն վարակի տարածումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երկրում բռնկման ռիսկը գնահատվում է «շատ բարձր», սակայն տարածման գլոբալ ռիսկը մնում է ցածր։
Ընդհանուր առմամբ, հաստատվել է հիվանդության մի քանի տասնյակ և մի քանի մահվան դեպք, սակայն փորձագետները կարծում են, որ վարակվածների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ բռնկումը, հավանաբար, մի քանի շաբաթ տարածվել է աննկատ։
Source: https://news.am/hy/news/1037835
World
Կոնգոյում զայրացած բնակիչները հրկիզել են էբոլայով հիվանդների բուժման կետը․ 18 պացիենտ փախել է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։