«Իսրայել Բեյթենու» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը 12-րդ ալիքի հարցազրույցում մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Իսրայելը «բանանային հանրապետության» վերածելու մեջ։

Լիբերմանի խոսքով՝ Իրանի հետ ստորագրված ցանկացած գործարքի չի կարելի վստահել՝ Թեհրանում ծայրահեղական ղեկավարության առկայության պատճառով։

«Մեր տեսանկյունից՝ ցանկացած համաձայնագիր աղետ է, որովհետև ցանկացած համաձայնագիր այաթոլային թողնում է իշխանության», - ասել է Լիբերմանը՝ նկատի ունենալով Իրանի հետ համաձայնության հասնելու ԱՄՆ ջանքերը, որպեսզի վերջնականապես վերջ տրվի պատերազմին։

Լիբերմանը նաև քննադատել է, իր կարծիքով, գործարքի նոր բաղադրիչը՝ 110 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվների ապասառեցումը, ինչպես նաև Իրանին նավթն ու գազն ազատ վաճառելու հնարավորություն տալը։ Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին շրջանում Նեթանյահուի նկատմամբ վերաբերմունքի և այն մասին հարցին, թե ինչպես է նա բանակցություններում շրջանցել Երուսաղեմը, Լիբերմանն ասել է, որ Թրամփը նվաստացրել է Իսրայելին «Նեթանյահուի օրհնությամբ»։

«Նեթանյահուն Իսրայելը վերածել է «բանանային հանրապետության», իհարկե, դուք կարող եք «ոչ» ասել ԱՄՆ նախագահին», - ասել է քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը երախտագիտություն է հայտնել Թրամփին, մասնավորապես՝ այն բանի համար, որ նա հասել է Գազայից պատանդների ազատ արձակմանը անցյալ տարի ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Լիբերմանը նաև դատապարտել է Նեթանյահուին Լիբանանից պայթուցիկներով բեռնված անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին դիմակայելու անկարողության համար, որոնք վերջին շաբաթներին երկրում կռվող ՑԱԽԱԼ-ի բազմաթիվ զինծառայողների կորուստների պատճառ են դարձել, ինչպես նաև, ավելի լայն իմաստով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ռազմական գործողությունների բոլոր ճակատներում վճռական հաղթանակ ապահովելու Իսրայելի անկարողության համար։

Source: https://news.am/hy/news/1037838