2026 թվականի մայիսի 11-12ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ Թագավորություն: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՍԴ-ից:
Լոնդոնում ընթացող աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մայիսի 11-ին այցելել է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան, որտեղ հանդիպում է ունեցել ՄԹ Գերագույն դատարանի նախագահ Լորդ Ռիդի և ՄԹ Գերագույն դատարանի փոխնախագահ Լորդ Սեյլսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական իշխանության անկախության ապահովման, դատական առաջնորդության, ինչպես նաև հանրային վստահության պահպանման հիմնարար հարցերը։ Կողմերը կարևորել են սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության շարունակական զարգացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և Լորդ Ռիդը հուշանվերներ են փոխանակել: Արման Դիլանյանը գրառում է կատարել ՄԹ Գերագույն դատարանի այցելուների հուշամատյանում:
ՄԹ Գերագույն դատարանում տեղի են ունեցել նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ՝ նվիրված դատական անկախության, դատարանների կառավարման և հանրային հաղորդակցության հարցերին։ Պատվիրակությունը շրջայց է կատարել Միացյալ Թագավորության Գերագույն դատարանում, ծանոթացել դատարանի գործունեության առանձնահատկություններին, կառուցվածքին և իրավասությանը։ Այնուհետև կայացել է մասնագիտական քննարկում դատարանի հաղորդակցության և արտաքին կապերի ղեկավարության հետ։ Քննարկվել են դատական իշխանության հաղորդակցման ժամանակակից գործիքները, լրատվամիջոցների հետ աշխատանքի մեխանիզմները, թվային հաղորդակցության ռազմավարությունները, ինչպես նաև հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպումներին մասնակցել են ՀՀ ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Արտակ Զեյնալյանը, ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպումներին մասնակցել են նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, Միացյալ Թագավորության արդարադատության նախարարության պաշտոնյաներ: Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակում։
Source: https://news.am/hy/news/1035708
Armenia
ՍԴ նախագահը ՄԹ Գերագույն դատարանի նախագահի հետ Լոնդոնում քննարկել է դատական իշխանության անկախության հարցերը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։