ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի հնարավոր ապամոնտաժմանը՝ մտահոգություն հայտնելով ԱՊՀ տարածքում պատմական հիշողությունը խեղաթյուրելու վտանգավոր միտումների կապակցությամբ։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են տեղական իշխանությունների՝ խորհրդային մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը քանդելու մտադրությունները, որի տեղում, եղած տեղեկությունների համաձայն, նախատեսվում է շատրվան կառուցել։

«Որքան հասկանում ենք, Արթիկի ղեկավարությունը, ինչպես նաև վերադաս մարմինները, մտադիր են ի կատար ածել Հայրենական մեծ պատերազմում զոհված համաքաղաքացիների հուշարձանի վերաբերյալ իրենց ծրագրերը։ Եվ, մեր տվյալներով, այդ հուշահամալիրի տեղում նախատեսվում է շատրվան կառուցել», — հայտարարել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէ նոր կառույցի համար մեկ այլ վայր գտնել։

«Իհարկե, հարց է առաջանում՝ մի՞թե շատրվանի համար ուրիշ տեղ չկար։ Ընդ որում, մինչ օրս հստակ չէ՝ հուշարձանն ուղղակի քանդվելու է, թե՞ տեղափոխվելու է այլ վայր, ինչի մասին նախկինում հավաստիացնում էին հայաստանյան գործընկերները», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հայաստանյան հասարակության մեջ նման նախաձեռնությունները դիմադրության են արժանանում, սակայն պաշտոնական իշխանությունները չեն արձագանքում քաղաքացիների բողոքներին։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ դեմ արտահայտվում այս որոշմանը՝ հասկանալով, որ եթե խոսքն իրոք հուշարձանն առանց տեղափոխման ուղղակի քանդելու մասին է, ապա դա սրբապղծություն է։ Սակայն տեսնում ենք նաև, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունն անարձագանք թողնում մարդկանց լիովին արդարացի դիմումները», — նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան հայտարարել է, որ հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը պատմական հիշողության վերանայման ավելի լայն համատեքստի մի մասն է։

«Այս հուշարձանի հետ կապված պատմությունը վկայում է մի անհամեմատ ավելի վտանգավոր միտման մասին, որը կարելի է բնորոշել որպես պատմական հիշողության համատարած խեղաթյուրում», — ընդգծել է նա։

Այս կապակցությամբ դիվանագետը հիշեցրել է մի շարք իրադարձությունների մասին, որոնք, Մոսկվայի կարծիքով, փաստում են Հայաստանում ընթացող նմանօրինակ գործընթացների մասին։ Մասնավորապես, նա մատնանշել է ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած արտահայտությունները, որոնք, ըստ նրա, արդարացնում էին նացիզմը։

«Այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հորդորեց ռուսական կողմին ուշադրություն չդարձնել առանձին հայտարարությունների վրա և խոստացավ պարզել եղելությունը։ Սակայն այդպես էլ որևէ արձագանք չեղավ», — ասել է Զախարովան։

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը քննադատել է Վլադիմիր Զելենսկու երևանյան այցը։

«Հետո նեոնացիզմը հասավ Երևան՝ ի դեմս Զելենսկու, հենց այն Զելենսկու, որը ոտնահարեց սեփական նախնիների հիշատակը և սպառնում էր Հաղթանակի շքերթի ժամանակ հարվածներ հասցնել Կարմիր հրապարակին», — հայտարարել է նա։

Զախարովան առանձնակի ուշադրություն է դարձրել նաև ԱՊՀ փաստաթղթերում ձևակերպումների փոփոխությանը։ «Վերջին շրջանում Երևանը համակարգված կերպով ԱՊՀ փաստաթղթերի նախագծերից դուրս է թողնում «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը», — հայտնել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ նման քայլերն առավել քան տարակուսելի են՝ հաշվի առնելով նացիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի ներդրած մեծ ավանդը։

«Եվ սա այն հերոսության ֆոնին, որը Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների տարիներին ցուցաբերել են հայերը, Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ներկայիս քաղաքացիների նախնիները», — ընդգծել է Զախարովան։

Ամփոփելով, նա վստահություն է հայտնել, որ հայ հասարակության մեծ մասը կողմ է պատմական հիշողության պահպանմանը։

«Մարդիկ պատրաստ են տեր կանգնել պատմական հիշողությանը և պայքարել սեփական պատմության փառահեղ էջերը պահպանելու համար։ Որովհետև այն իրենց պատմությունը մոռացության մատնող երկրներն ու ժողովուրդները չունեն ապագա», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Source: https://news.am/hy/news/1039128