Ոչ մի զինվորական շքերթ մեզ չի պաշտպանի ու չի փրկի սպառնալիքներից, երբ, ըստ իշխանությունների ծրագրի, երկրում 300 հազար ադրբեջանցի բնակեցվի։ Իսկ նման տպավորիչ շոուների նպատակը միայն մեկն է՝ հասարակությունից թաքցնել այս սարսափելի իրականությունը։ Այս մասին այսօր՝ Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը, ընտրողներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որն այս պահին գտնվում է տնային կալանքի տակ։

Քաղաքական գործչի ընդգծմամբ՝ այսօր բանակը կառավարող թիմի ձեռքին սոսկ PR գործիք ու սովորական քայլերթ է դարձել, մինչդեռ երկրի ու շարքային զինվորի անվտանգությունը մղվել է հետին պլան։ Դա արվում է իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Կարապետյանը վստահ է, որ թույլ իշխանության օրոք ուժեղ բանակ չի լինում. մի իշխանության, որը մսխել է պետական արժանապատվությունը, մոռացության է տալիս ազգային հերոսներին ու խայտառակ պարտությունները մատուցում որպես խաղաղության ձեռքբերում։ Նա նաև հիշեցրել է, որ Բաքվի բանտերում մինչ օրս հայ գերիներ են պահվում սոսկ իրենց ազգային պատկանելության համար, և այս իրավիճակում հասարակությունը լռելու իրավունք չունի։ Սամվել Կարապետյանի խոսքով՝ կամք չունեցող պետության հետ ոչ ոք հաշվի չի նստելու. նրանից նորանոր զիջումներ են կորզելու՝ ստիպելով ապրել ժողովրդագրական ներհոսքի մշտական վախով։

«1918 թվականին Հայաստանը չուներ կանոնավոր բանակ, ռեսուրսներ ու հզոր տնտեսություն, բայց ուներ ամենակարևորը՝ անկոտրում կամք։ Այսօր մեր առջև նույն խնդիրն է ծառացած՝ լինել ուժեղ պետությո՞ւն, թե՞ թույլ մի տարածք, որի ճակատագիրը տնօրինում են ուրիշները»,— հայտարարել է Կարապետյանը։ Քաղաքական գործիչը հայրենակիցներին կոչ է արել չտրվել խուճապի՝ ընդգծելով, որ մայիսի 28-ը պետական կամքի, այլ ոչ թե վախի օրն է։ Կարապետյանի խոսքով՝ սպասվող համապետական ընտրությունները կլինեն այն վճռորոշ պահը, երբ հայ ժողովուրդը պետք է կրկին ստանձնի երկրի ապագայի պատասխանատվությունը։

Սամվել Կարապետյանը եզրափակել է, որ իրական ու տևական խաղաղություն հնարավոր է միայն հզոր բանակի ստեղծմամբ, որը պետք է հիմնված լինի ժամանակակից տեխնոլոգիաների, օդային տարածքի հուսալի պաշտպանության, տեղական ռազմարդյունաբերության զարգացման և արժանապատիվ ծառայության վրա։ Կուսակցության առաջնորդը քաղաքացիներին կոչ է արել առավելագույնս ակտիվ լինել ընտրատեղամասերում՝ ընդգծելով, որ աշխարհասփյուռ միլիոնավոր հայեր սպասում են ուժեղ Հայաստանի, և եթե ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, ադրբեջանցիները երկիր չեն գա։

Source: https://news.am/hy/news/1039150