Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա վաղը՝ ժամը 17:00-ին, հրավիրել է նիստ՝ քննարկելու «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը։ Այս մասին հայտնում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։

«Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմում-բողոքով պահանջել է քննարկել կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կողմից դրսևորված վարքագիծն ու հրապարակային գործունեությունը՝ որպես դիտորդական առաքելության անկողմնակալության սկզբունքի հետ անհամատեղելի։

Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը»,- ասված է հրապարակման մեջ։

«Լուսավոր Հայաստանը» դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով

Source: https://news.am/hy/news/1039175