Ռուսաստանի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել Գարի Կասպարովի նկատմամբ, ով ավելի վաղ հեռակա կարգով կալանավորվել էր ահաբեկչության արդարացման և «օտարերկրյա գործակալի» գործունեության կարգը երկու անգամ խախտելու մեղադրանքով։ Այս մասին նշված է գործի նյութերում, որոնք հայտնվել են «ՏԱՍՍ» գործակալության տրամադրության տակ։
«Գ. Կ. Կասպարովին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով (համացանցում ահաբեկչության արդարացում) և 330.1 հոդվածի 2-րդ մասով (օտարերկրյա գործակալի գործունեության կարգի խախտում՝ երկու դրվագով)։ Գ. Կ. Կասպարովի նկատմամբ դաշնային և միջպետական հետախուզում է հայտարարվել շրջաբերականով, ... նրա նկատմամբ միջազգային հետախուզում է սահմանվել», - նշված է փաստաթղթում։
2025 թվականի դեկտեմբերի 22-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը Կասպարովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկու ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ ժամկետը կհաշվարկվի նրան Ռուսաստանի իրավապահ մարմիններին հանձնելու (արտահանձնման կամ արտաքսման դեպքում) կամ ՌԴ տարածքում փաստացի ձերբակալելու պահից։
Ի սկզբանե Կասպարովին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ ահաբեկչության հրապարակային արդարացում)։ Այս հոդվածով նախատեսվում է 5-ից 7 տարի ժամկետով ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ։ Ավելի ուշ նրան հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել նաև ՌԴ ՔՕ 330.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկու հանցագործությունների կատարման համար (օտարերկրյա գործակալի գործունեության կարգի խախտում)։ Այս դրվագներից մեկով օրենքը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում կամ տուգանք։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Կասպարովին «օտարերկրյա գործակալների» ցուցակում է ներառել 2022 թվականի մայիսին։ Որպես հիմնավորում նշվել էր «քաղաքական գործունեության ծավալումը», իսկ որպես արտասահմանյան աղբյուրներ մատնանշվել էին Ուկրաինան ու ամերիկյան «Human Rights Foundation»-ը։ Ռուսաստանյան դատարանները նրան բազմիցս ենթարկել են վարչական պատասխանատվության՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու» համար։ Ներկայումս Կասպարովը բնակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։
Source: https://news.am/hy/news/1037704
World
Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Գարի Կասպարովի նկատմամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։