Վրաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, երկրի կառավարությունը պահուստային ֆոնդից 5,3 միլիոն լարի (մոտ 2 միլիոն դոլար) կհատկացնի Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով կառավարության որոշմանը։

Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ հոբելյանական լայնամասշտաբ միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 14-ը։

Այս նպատակով հատուկ ստեղծված հանձնաժողովի համանախագահներն են վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը։

Ըստ փաստաթղթի՝ նշված գումարը պատրիարքարանին է փոխանցվելու «միջոցառումների ֆինանսավորման համար»։

Վրաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը կնշանավորվի կրթական ու մշակութային լայնամասշտաբ միջոցառումներով։

Հոբելյանական հանդիսությունների կազմակերպչական հարցերը քննարկվել են Վրաստանի կառավարության և Պատրիարքարանի համատեղ հանձնաժողովի նիստում, որը կայացել է կառավարության աշխատակազմում։ Ծրագրում ներառված են մշակութային ու կրթական միջոցառումներ, գիտական համաժողովներ և ուսանողական արշավներ։

«Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև Մցխեթոբա-Սվետիցխովլոբա տոնը (հոկտեմբերի 14)։ Հենց այդ օրը նախատեսվում է անցկացնել «Աստված, Հայրենիք, Մարդ» խորագրով գիտաժողով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1037714