Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում հայտարարել է, որ Ուկրաինային Եվրոպական միության «ասոցացված» անդամակցություն տրամադրելու Գերմանիայի առաջարկն «անարդար» է, քանի որ այն Կիևին կզրկեր դաշինքի ներսում ձայնի իրավունքից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել էր Ուկրաինային թույլ տալ մասնակցել ԵՄ նիստերին առանց քվեարկության իրավունքի՝ որպես լիիրավ անդամակցության միջանկյալ քայլ։ Ըստ նրա՝ դա կարող էր նպաստել Ռուսաստանի ներխուժմամբ սկսված քառամյա պատերազմի դադարեցման համաձայնագրի կնքմանը։

Ի պատասխան սրան՝ Զելենսկին ուրբաթ ուշ երեկոյան ուղարկված նամակում (որին ծանոթացել է Reuters-ը) նշել է, որ անցած ամիս կայացած ընտրություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցության մոլի հակառակորդի հրաժարականը հնարավորություն է ստեղծել զգալի առաջընթաց գրանցել անդամակցության վերաբերյալ բանակցություններում։

«Անարդար կլիներ, եթե Ուկրաինան ներկա լիներ Եվրոպական միությունում, բայց մնար առանց ձայնի իրավունքի,— իր ուղերձում նշել է Զելենսկին։— Ժամանակն է լիարժեք ու բովանդակային քայլերով առաջ շարժվել Ուկրաինայի անդամակցության հարցում»։

Նամակը հասցեագրված է եղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ խորհուրդն այս պահին նախագահող Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպական առաջնորդներին պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Ուկրաինան «որպես պատվար է հանդես գալիս ռուսական ագրեսիայի դեմ՝ 27 երկրներից բաղկացած ողջ դաշինքի համար»։

«Մենք պաշտպանում ենք Եվրոպան ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակի կամ կիսատ։ Ուկրաինան արժանի է, որ արդար մոտեցում և հավասար իրավունքներ ստանա Եվրոպայում»,— ընդգծել է նա։

Source: https://news.am/hy/news/1037721