Թուրքիայում սկիզբ առած քաղաքական լուրջ ճգնաժամի ֆոնին, իրավապահները 13 մարդու են ձերբակալել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP)՝ 2023 թվականի համագումարի գործով։ Ձերբակալությունները հաջորդել են դատարանի այս շաբաթվա աղմկահարույց որոշմանը, որով կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հեռացվել էր պաշտոնից։ Այս մասին, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Թուրքիայի Վերաքննիչ դատարանը հինգշաբթի օրը չեղարկել է համագումարի որոշումը, որով Օզելն ընտրվել էր նախագահ՝ որպես պատճառ նշելով չհստակեցված խախտումներ։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, դատարանը նրա փոխարեն պաշտոնում վերականգնել է կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։

CHP-ն դատապարտել է այս որոշումը՝ այն որակելով որպես «դատական հեղաշրջում», իսկ Օզելը խոստացել է պայքարել իրավական բողոքարկումների միջոցով և անձամբ «գիշեր-ցերեկ» գտնվել Անկարայում կուսակցության կենտրոնական գրասենյակում։

Ինչպես շաբաթ օրը հաղորդել է «Անադոլու» գործակալությունը, Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է յոթ նահանգներում իրականացված ձերբակալությունների մասին։ Կասկածյալներին մեղադրում են 2023 թվականի համագումարի ժամանակ պատվիրակների քվեարկությանը միջամտելու մեջ։

Ըստ դատախազության հայտարարության՝ նրանց մեղադրանք է առաջադրվել «քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու», «կաշառք ստանալու» և «հանցավոր ճանապարհով ստացված գույքի լվացման» հոդվածներով։

Իրավապահները խուզարկություններ և առգրավումներ են իրականացրել Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Շանլըուրֆա, Քահրամանմարաշ, Քիլիս և Մալաթիա նահանգներում ապրող կասկածյալների բնակության հասցեներում։

Վերլուծաբանների կարծիքով՝ դատարանի այս շաբաթվա որոշումը դիտարկվում է որպես Թուրքիայում ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև խարխուլ հավասարակշռության լուրջ փորձություն և կարող է երկարաձգել Էրդողանի 23-ամյա կառավարումը։ Սա՝ այն դեպքում, երբ երկրին հերթական հետընթացն է սպառնում գնաճի դեմ մղվող երկարատև պայքարում, գրում է «Reuters»-ը։

Թուրքիայում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն 72-ամյա Էրդողանի կրկին առաջադրվելու համար (ինչին խոչընդոտում է պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը) անհրաժեշտ կլինի արտահերթ ընտրություններ նշանակել։

Դատարանի այս որոշումը դիտարկվում է հենց որպես արտահերթ ընտրությունների հավանականությունը մեծացնող քայլ։

Կառավարությունն իր հերթին հերքում է այն քննադատությունը, թե դատարաններն օգտագործվում են քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու համար՝ պնդելով, որ դատական համակարգն անկախ է։

Source: https://news.am/hy/news/1037732