Չնայած Վլադիմիր Պուտինի՝ ութ երեխա ունենալու և Հին Ռուսիայի բազմազավակության ավանդույթներին վերադառնալու կոչերին, Ռուսաստանի քաղաքացիները չեն շտապում բարելավել ժողովրդագրական պատկերը (նույնիսկ գյուղական բնակավայրերում)։ Ըստ «Վեդոմոստի» պարբերականի ուշադրությանն արժանացած «Ռոսստատի» տվյալների՝ 2025 թվականի արդյունքներով գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակիցն իջել է մինչև 1,464։ Սա վերջին 35 տարվա ամենացածր ցուցանիշն է։

Ծնելիության գումարային գործակիցն արտացոլում է վերարտադրողական տարիքի մեկ կնոջը բաժին ընկող երեխաների միջին թիվը։ Նախորդ տարի գյուղական բնակչության շրջանում ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Նենեցյան (2,751) և Յամալո-Նենեցյան (2,619) ինքնավար օկրուգներում, ինչպես նաև Տիվայի Հանրապետությունում (2,526)։ Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Լենինգրադի մարզում (0,833), Սևաստոպոլում (0,849) և Մորդովիայում (0,855)։ Գյուղական վայրերում ծնելիության գագաթնակետը գրանցվել էր 1990 թվականին, երբ գործակիցը հասնում էր 2,6-ի։ Դրանից հետո այն նվազել է մինչև 1999 թվականը, իսկ 2014-ին կրկին աճել՝ հասնելով 2,272-ի։ Սակայն Ղրիմի բռնակցումից և Արևմուտքի հետ առճակատման մեկնարկից ի վեր այս ցուցանիշը տարեցտարի անկում է ապրում։

Ռուսաստանի մարզերի մեծ մասում գյուղն այլևս բնակչության համալրման հիմնական աղբյուր չէ, նշում է ՎՑԻՈՄ-ի (Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն) ղեկավար Վալերի Ֆեդորովը։ Նա հավելել է, որ թեև գյուղական վայրերում ծնելիության գումարային գործակիցը դեռևս գերազանցում է քաղաքայինին, սակայն այդ առավելությունը զրոյանում է, քանի որ բացարձակ թվերով քաղաքաբնակների թիվը հսկայական չափերով գերազանցում է գյուղացիների թվին։ Ֆեդորովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ այսօր գյուղաբնակների միջին տարիքն ավելի բարձր է, քան քաղաքաբնակներինը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում ժողովրդագրական ցուցանիշների վրա։

Ծնելիության անկումը հավասարապես վերաբերում է թե՛ քաղաքներին, թե՛ գյուղերին, քանի որ այսօր երեխա ունենալը լուրջ ներդրում է, որը տվյալ պահին ուղղակիորեն հարվածում է երիտասարդ ընտանիքների եկամուտներին, պարզաբանում է Սոցիալական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Զվոնովսկին։ Նա նշել է, որ հենց տնտեսական գործոնն է այս պահին հանդիսանում ծնելիության աճի հիմնական խոչընդոտը։

Ավելի վաղ ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը հայտարարել էր, որ առաջիկա չորս տարում անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել ծնելիության գումարային գործակիցը։ Ըստ Վլադիմիր Պուտինի սահմանած նպատակների, որոնք ներառվել են կառավարության հաստատած «Ազգային զարգացման նպատակների իրագործման միասնական պլանում», այդ ցուցանիշը 2030 թվականին պետք է հասնի 1,6-ի, իսկ 2036-ին՝ 1,8-ի։

Մինչդեռ իրական պատկերն այլ է. 2025 թվականին Ռուսաստանում ծնելիության ընդհանուր գործակիցն իջել է մինչև 1,305-ի՝ գրանցելով 2006 թվականից ի վեր ամենացածր մակարդակը։ Տասնամյա վաղեմության ցուցանիշների համեմատ անկումը կազմել է 22% (0,388 կետով), ինչը 1990-ականներից հետո ամենակտրուկ վատթարացումն է։ Ժողովրդագրական իրավիճակի այս տագնապալի անկման ֆոնին իշխանություններն անցյալ տարվա գարնանը որոշել են գաղտնիացնել ժողովրդագրական վիճակագրությունը։

Ժողովրդագիր Ալեքսեյ Ռակշայի հաշվարկներով՝ 2025 թվականին Ռուսաստանում ծնունդների թիվը նվազել է 4%-ով՝ կազմելով 1,178 միլիոն։ Ղրիմի բռնակցմանը նախորդած ժամանակաշրջանի համեմատ ծնելիությունն ընկել է ավելի քան մեկ երրորդով՝ անցնելով նույնիսկ 90-ականների ամենացածր ցուցանիշը (այն ժամանակ ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 1999-ին՝ 1,215 միլիոն ծնունդ)։ Ըստ Ռակշայի տվյալների՝ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին լույս աշխարհ է եկել 272 հազար երեխա, ինչը 17 հազարով պակաս է 2025-ի առաջին եռամսյակի ցուցանիշից։ Փորձագետը նշել է, որ 18-19-րդ դարերից սկսած սա համարվում է ամենավատ ցուցանիշը։

Source: https://news.am/hy/news/1037194