Ռուսաստանում տարածվել է մահմեդական հոգևորականության ներկայացուցիչների ձերբակալությունների ալիք, այս մասին ուշադրություն է հրավիրել «Ագենտստվո»-ն։ Իշխանամետ թելեգրամյան ալիքների և պետական լրատվամիջոցների հաղորդագրություններից հետևում է, որ խոսքը մոտ մեկ տասնյակ մարդկանց մասին է։

Պաշտոնապես հաստատվել են Մորդովիայի մուֆթի Ռաիլ-հազրաթ Ասաինովի և Կարելիայի նախկին մուֆթի Վիսամ Ալի Բարդվիլի ձերբակալությունները։ Ասաինովը կասկածվում է Մորդովիայի պետական համալսարանի «Իսլամական տնտեսություն և ֆինանսներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարին կաշառք տալու մեջ։ Հանրապետության փոխմուֆթի, իմամ Ռաշիտ-հազրաթ Աբդրաշիտովը հայտնել է, որ, ըստ քննության վարկածի, Ասաինովը փորձել է գումար տալ, որպեսզի ուսանողները կարողանան հանձնել քննաշրջանը։ Ինչ վերաբերում է Բարդվիլին, ապա ըստ «ՏԱՍՍ»-ի և Մոսկվայի քաղաքային դատարանի քարտարանի տվյալների՝ նրան ձերբակալել են մայիսի 15-ին և ենթարկել 15-օրյա վարչական կալանքի։ Նրան ձերբակալել են «Շերեմետևո» օդանավակայանի ոստիկանությանը չենթարկվելու և փաստաթղթերը ներկայացնելուց հրաժարվելու համար։

Հեռուստահաղորդավար Ռուսլան Օստաշկոյի տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է «Հյուսիս-արևմուտքի մուսուլմանների համայնք» կենտրոնացված կրոնական կազմակերպության նախագահ Հեննի Մոհամմեդը։ Բացի այդ, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սարատովի մարզի մուֆթիի խորհրդական և «Շեյխ Սաիդ» մեդրեսեի դասախոս Էլ Խիխ Նիդալ Ավադալլա Ահմեդը։

Իշխանամետ ալիքների տվյալներով՝ Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության (ՄՀՎ) ներկայացուցիչները և դրա ղեկավար, մուֆթի Ռավիլ Գայնուտդինի համակիրները ձերբակալվել են նաև Մոսկվայում և Հյուսիսային Օսիայում, իսկ Մորդովիայում քննչական գործողությունների թիրախում է հայտնվել միանգամից հինգ մարդ։ Նշվում է, որ ուժայինները ստուգում են «օտարերկրյա կառույցների» և Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ նրանց ունեցած կապերը։

Գայնուտդինը ՄՀՎ ղեկավարի պաշտոնն անփոփոխ զբաղեցնում է կառույցի հիմնադրման պահից՝ 1994 թվականից սկսած։ Նա մշտապես ներկայացնում է մուսուլմանական համայնքը պետական բարձր մակարդակի միջոցառումներին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպումներին։ 2025-ի նոյեմբերին նախագահի կողմից նա արժանացել է «Անձնվեր աշխատանքի համար» շքանշանի։

Չնայած դրան, վերջին տարիներին կազմակերպության և իշխանությունների միւև հարաբերությունները լարվել են։ 2024 թվականին Գլխավոր դատախազությունը ՄՀՎ-ին նախազգուշացում է ներկայացրել բազմակնության վերաբերյալ ֆեթվայի պատճառով, իսկ 2025-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ծայրահեղական է ճանաչել վարչության ղեկավարի տեղակալ Դամիր Մուխետդինովի խմբագրությամբ հրատարակված «Իսլամը Հյուսիսային Կովկասում» հանրագիտարանային բառարանը։ Պատճառը դրանում տեղ գտած «Հյուսիսային Կովկասի վահաբականները» և «Իսլամի պատմությունը Չեչնիայում» հոդվածներն են։

Ձերբակալությունները տեղի են ունեցել Չեչնիայի արտագաղթած նախկին փոխվարչապետ Ռուսլան Կուտաևի ելույթից հետո, որը հայտարարել էր, որ Մոսկվայում բնակվող մուսուլմանները պատրաստ են անհրաժեշտ պահին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ «X ժամին, երբ Ռուսաստանում պետք կլինի գործել, մենք կգործենք… Ի՞նչ կա մեր հետևում։ Մարդիկ, որոնք, եթե պետք լինի, գլուխ կպոկեն, գլուխ կջարդեն, և բարիկադներ կսարքեն… Մենք այնտեղ կհաստատենք այնպիսի իշխանություն, որը մեզ հարմար է», — ասել էր նա ապրիլին։ Կուտաևը պնդել էր, որ Ռուսաստանում «քաոս» է տիրում, ոչ ոք «իշխանություններին չի վստահում» և «բոլորը գիտեն, որ Պուտինը պարտվել է»։

Source: https://news.am/hy/news/1037195