Հնդկաստանում խավարասերը դարձել է «Խավարասերի ժողովրդական կուսակցություն» երգիծական-քաղաքական երիտասարդական միավորման խորհրդանիշը։ Կառույցը ստեղծվել է այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանի դատավոր Սուրյա Կանտը գործազուրկ երիտասարդներին համեմատել է խավարասերների և մակաբույծների հետ, հայտնում է BBC-ն։

Միավորում ստեղծելու գաղափարը պատկանում է Բոստոնի համալսարանի ուսանող Աբհիջիտ Դիպկեին։ Նրա խոսքով՝ սկզբնապես կուսակցությունը մտահղացվել էր որպես կատակ, որը պետք է միավորեր մարդկանց։

Այդուհանդերձ, շարժումն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերել։ Ընդամենը մի քանի օրում այն հավաքել է անդամակցության տասնյակ հազարավոր հայտեր։ Կուսակցությունն էլ ավելի մեծ ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ շարժման Instagram-յան էջի հետևորդների թիվը հասել է շուրջ 10 միլիոնի՝ հետևում թողնելով իշխող «Բհարատիա ջանատա» կուսակցության պաշտոնական էջը։

X սոցիալական ցանցում նրանց էջն ունեցել է 200 հազար հետևորդ և այժմ արգելափակված է Հնդկաստանում։ Երբ օգտատերերը փորձում են գտնել այն, հայտնվում է ծանուցում, որ էջն անհասանելի է «իրավական պահանջի հիման վրա»։

Բացի այդ, կուսակցությունը դուրս է եկել առցանց տիրույթի սահմաններից. շարժման անդամները բողոքի ակցիաների են դուրս գալիս խավարասերների հագուստներով։

Source: https://news.am/hy/news/1037220