«Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետները 2025 թվականին նոր նյութերի փորձնական նմուշներ են ստացել՝ դրանց արագ և ավտոմատացված սինթեզի համար կիրառելով արհեստական բանականություն։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին նշված է «Ռոսատոմ»-ի կազմում ընդգրկված և ռուսական ատոմային ոլորտի քաղաքացիական ակտիվները միավորող «Ատոմէներգոպրոմ» բաժնետիրական ընկերության 2025 թվականի տարեկան հաշվետվության մեջ։
Ըստ զեկույցի՝ նոր նյութերի ու արտադրական տեխնոլոգիաների ստեղծումը եղել է «Ռոսատոմ»-ի առանցքային ուղղություններից մեկը՝ «Ատոմային էներգետիկայի հատուկ նյութեր և տեխնոլոգիաներ, նոր ատոմային տեխնոլոգիաների գծով որակյալ կադրերի առաջանցիկ պատրաստում» դաշնային նախագծի շրջանակներում։
«Մշակվել է արհեստական բանականության կիրառմամբ նոր նյութերի ավտոմատացված սինթեզի տեխնոլոգիական հոսքագծի նախագիծը, իրականացվել են հոսքագծի հիմնական հանգույցների մակետների օգտագործմամբ փորձարարական հետազոտություններ։ Սինթեզվել և ուսումնասիրվել են նյութերի փորձնական նմուշներ, ինչպես նաև հաստատվել են նախագծման փուլում ընդունված տեխնիկական լուծումները»,- ասված է հաշվետվության մեջ։
Ենթադրվում է, որ նոր նյութերի արագ սինթեզի ավտոմատացված հոսքագծի գործարկումը բեկումնային արդյունք կլինի՝ նոր հորիզոններ բացելով տարբեր, այդ թվում՝ ատոմային ոլորտի համար։ Այս տեխնոլոգիան թույլ կտա օրական ստեղծել և փորձարկել կոնստրուկցիոն նյութերի մինչև տասը եզակի բաղադրություն, ինչը մի քանի անգամ արագ է ավանդական մեթոդներից։
Արհեստական բանականության ալգորիթմն ինքնուրույն է ընտրում հեռանկարային նյութերի բաղադրությունն ու կառուցվածքը, կառավարում դրանց սինթեզը, այնուհետև վերլուծում ստացված նմուշների հատկություններն ու անհրաժեշտության դեպքում լրամշակում բաղադրատոմսը։ Արդյունքում՝ նոր նյութերի ստեղծման ժամկետները մի քանի տարի ժամկետից կկրճատվեն՝ հասնելով ընդամենը մի քանի ամսվա։
Source: https://news.am/hy/news/1039536
World
«Ռոսատոմ»-ը արհեստական բանականության օգնությամբ նոր նյութերի փորձնական նմուշներ է ստացել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։