Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) մասնակից երկրների՝ Հնդկաստանի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները կողմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին Հնդկաստանում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Տոսիմիցու Մոտեգին։
«Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը հսկայական ազդեցություն ունի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի էներգամատակարարման վրա։ Մենք ընդգծել ենք Հորմուզի նեղուցով ազատ ու անվտանգ նավագնացության վերաբերյալ դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում կայունության ապահովման համար կարևորությունը»,- ասել է նա։
Մոտեգիի խոսքով՝ հանդիպման մասնակիցները «համաձայնեցրել են ռազմավարական տեսլականը», ինչպես նաև դեմ են արտահայտվել «ուժի կամ հարկադրանքի կիրառմամբ ստատուս քվոն միակողմանիորեն փոխելու փորձերին» և մտահոգություն հայտնել «կրիտիկական նշանակության օգտակար հանածոների արտահանման սահմանափակումների» կապակցությամբ։ Թեև նախարարը Չինաստանի անունը չի տվել, սակայն Տոկիոն սովորաբար հենց այսպիսի ձևակերպումներ է օգտագործում Պեկինի հասցեին։
Բացի այդ, ճապոնացի նախարարի խոսքով, կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) շուրջ ստեղծված իրավիճակը և վերահաստատել «դրա լիակատար ապամիջուկայնացման վերաբերյալ իրենց հանձնառությունը»։
Անվտանգության քառակողմ երկխոսությունը հիմնադրվել է 2007 թվականին՝ որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հնդկական օվկիանոսի գոտում համագործակցության մեխանիզմ։ 2025 թվականի հուլիսյան հանդիպման ժամանակ չորս երկրների արտաքին գործերի նախարարները վերանայել են խմբի գործունեության առաջնահերթությունները՝ հստակեցնելով չորս հիմնական ուղղություն․ ծովային և անդրազգային անվտանգություն, տնտեսական բարօրություն ու անվտանգություն, կրիտիկական նշանակության ու նորագույն տեխնոլոգիաներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն և արտակարգ իրավիճակներին արձագանքում։
Source: https://news.am/hy/news/1038381
World
QUAD-ի անդամները հանդես են եկել Հորմուզի շուրջ իրավիճակի դիվանագիտական լուծման օգտին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։