Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի առաջնորդի այցը նվիրված է միջպետական հարաբերությունների համար հիմքային նշանակություն ունեցող բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակին։

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն հիմնական միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

«Պետությունների ղեկավարները նաև կմասնակցեն Ռուսաստանի և Չինաստանի կրթության տարիների (2026–2027 թվականներ) բացման հանդիսավոր արարողությանը։

Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն և մի շարք երկկողմ միջկառավարական, միջգերատեսչական ու այլ փաստաթղթեր։

Այցի ծրագրով նախատեսված է նաև հանդիպում ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրությունում։

Source: https://news.am/hy/news/1035854