«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի ջղագրգիռ է դառնում ոչ միայն հանրային հանդիպումների ժամանակ, երբ քաղաքացիներն իրեն մերժում են կամ «անհարմար» հարցեր տալիս, այլև իր թիմակիցների հետ հարաբերություններում: Պարբերաբար ցնցումներից ու տհաճ տեսարաններից հետո նա պակասեցրել է շփումները հանրության հետ, իսկ հանդիպումների մասնակիցների կեսից ավելին հաճախ իր հետ միասին տարվող շրջիկ խումբն է։ Թիմակիցների հետ շփումներն էլ չեն անցնում առանց նրանց բզիկ-բզիկ անելու։

Բանն այն է, որ ներքին օգտագործման բոլոր հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը իշխանությունը պահելու հնարավորություն գրեթե չունի, հաշվարկները հուշում են, որ չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ: Սրա արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ամենօրյա ռեժիմով «պատերին է տալիս» թիմակիցներին, թե՝ որևէ մեկդ գործ չեք անում, ամբողջը թողել եք իմ վրա, նույնիսկ մարդաքանակ չեք կարողանում ապահովել հանդիպումներին: Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, նույնիսկ սպառնացել է, թե իշխանությունը կորցնելուց հետո միայն ինքը չէ, որ վարի է գնալու. «Բոլորիդ հետս տանելու եմ»: Ըստ տեղեկությունների, նաև զգուշացրել է, թե «ոչ ոք հույս չունենա, որ կկարողանա «պայմանավորվել» Քոչարյանի կամ «կալուգացու» հետ»:

Source: https://news.am/hy/news/1039539