Հայաստանում ավարտվեց պաշտոնական նախընտրական արշավի առաջին շաբաթը։ Տեղի բնակիչները պատմում են, որ եթե չլինեին վարչապետ ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ելույթները, իրենք, հնարավոր է, նույնիսկ չնկատեին ընտրական եռուզեռը։ Այդուհանդերձ, սա ամենևին էլ հաճոյախոսություն չէ, գրում է «Независимая газета»-ն։

Նիկոլ Փաշինյանը ցանկացած միջոցով սևեռում է ուշադրությունն իր ու իր քաղաքական թիմի վրա՝ հաճախ հանդես գալով կոշտ ու չզսպված հայտարարություններով։

«Մի հատ հարց տվեք ձեզ՝ այդ հողը (Լեռնային Ղարաբաղը) մերն եղե՞լ է։ Մենք այնտեղ դպրոց կառուցե՞լ ենք, մանկապարտեզ կառուցե՞լ ենք, գործարան կառուցե՞լ ենք, բնակավայր... Ինչո՞վ է եղել մերը։ Սուտ է, երբ ասում են՝ «Ղարաբաղը մերն էր, հիմա մերը չէ»։ Իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր, իսկ հիմա մերն է»,- ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

Բոլոր նրանց համար, ովքեր թեկուզ մեկ անգամ առնչվել են Լեռնային Ղարաբաղին, ակնհայտ է, որ վարչապետն առնվազն անհաջող է ձևակերպել իր միտքը, կամ գուցե պարզապես ստել է։ Ընդ որում, 2020 թվականին հենց նույն մարդն ասում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հետագայում Բաքուն օգտագործել է այս արտահայտությունը՝ Արցախյան երկրորդ պատերազմի սանձազերծումը արդարացնելու համար։

Իրականում անգամ Ադրբեջանի իշխանությունները լավ գիտեն, թե վերջին 30 տարում որքան շատ բան են կառուցել հայերը «օկուպացված» տարածաշրջանում, քանի որ այժմ արշավ են իրականացնում հենց այդ ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ։ Արդյունքում Փաշինյանն իր դեմ դժգոհության այնպիսի ալիք է բարձրացրել, որ որոշ դիտորդներ, որոնք սովորաբար լոյալ կամ չեզոք են նրա նկատմամբ, փաստել են, որ նա ամբողջությամբ մսխել է այն քաղաքական կապիտալը, որը «Քաղաքացիական պայմանագիրը» վաստակել էր Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովների երեք օրերի ընթացքում։

Այդուհանդերձ, վարչապետը սրանով չի սահմանափակվել։ Ընտրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Երևանը պետք է որոշի, թե ինչպես է վարվելու ադրբեջանական անկլավների հարցում։ Հայրենակիցները փորձել են ճշտել Փաշինյանից՝ արդյո՞ք դրանց նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը նշանակում է, որ իրենք Բաքվի աչքերում դեռևս օկուպանտ են, սակայն նա հավաստիացրել է, որ այդ հռետորաբանությունն անցյալում է։ Նրա խոսքով՝ երկու հանրապետությունների իշխանությունները պայմանավորվել են լուծել ներքին խնդիրները, այլ ոչ թե միմյանց պահանջներ ներկայացնել։ Ընդ որում, նա հայտարարել է, թե հարևան երկրում այլևս ոչ ոք Հայաստանը չի անվանում «Արևմտյան Ադրբեջան»։

Դրան զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիրը» աշխատում է տեղեկատվական աղմուկ ստեղծելու ուղղությամբ, որի օգնությամբ խլացնում է մյուս կուսակցությունների նախընտրական քարոզարշավները։ Փաշինյանը սոցիալական ցանցերով շարունակ սրտիկներ է ուղարկում համաքաղաքացիներին, լրատվամիջոցները քննարկում են վարչապետի և նրա կնոջ հետ հարաբերությունները, նրա պարերը և այլն։ Այս լուրերն այնքան շատ են, որ դրանց թիկունքում չեն երևում ընտրությունների մասնակիցներից շատերը։

Ընտրապայքարին մասնակցում է ընդհանուր առմամբ 19 կուսակցություն և դաշինք։ «Քաղաքացիական պայմանագրից» բացի՝ քիչ թե շատ նկատելի են միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և միլիոնատեր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարապետյանն իր քաղաքական նախագծի գովազդի համար ծախսել է մինչև 100 միլիոն դոլար, ինչը նրան հնարավորություն է տվել տեղեկատվական դաշտում հավասարը հավասարի պես մրցակցել Փաշինյանի հետ։ Քոչարյանն ու Ծառուկյանը նման հնարավորություններ չունեն, բայց փորձում են դա լրացնել սեփական հեղինակության հաշվին։ Մյուս կուսակցությունները զրկված են թե՛ փողից, թե՛ ազդեցությունից։

«Եթե Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դրական փոփոխությունների հասնել ութ տարվա ընթացքում, ապա չի կարողանա դա անել նաև հաջորդ հինգ տարիներին»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս քաղաքական պայքարը ոչ թե պատգամավորական մանդատների, այլ հանրապետության ապագայի, դրա տնտեսական աճի ու պետականության ամրապնդման համար է։ «Մեր երազանքը սոսկ գոյատևելը չէ։ Մենք երազում ենք, որ մեր ժողովուրդն ապրի բարեկեցության ու միասնության մեջ։ Փոփոխությունները հնարավոր են միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- նշել է նա։ Մինչդեռ ինքը՝ միլիարդատերը, լրագրողների հետ զրույցում խոսում է հայերի դեմոգրաֆիկ ճգնաժամի, Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման սպառնալիքի և 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծման մասին, ինչն, ըստ նրա, կարող է կանգնեցնել այդ ամենը։

«Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» դաշինքներն իրենց քարոզարշավը կառուցել են բացառապես Փաշինյանի քննադատության վրա։ Նա որևէ քայլ է անում, իսկ նրանք պարզապես արձագանքում են։

«Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն ասում է, թե մեր Անկախության հռչակագիրը հակամարտություններ է հրահրում։ Նա տարածքային պահանջներ է ներկայացնում, և Փաշինյանն էլ իր հերթին ասում է, թե այդ տարածքները հայկական չեն։ Այսօր նա, կարծես, պաշտոնապես հայտարարում է, որ կան տարածքներ, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Այդ դեպքում ո՞րն է տարբերությունը Փաշինյանի և Ալիևի միջև»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը կարծում է, որ Փաշինյանն իր վարքագծով շեղում է մարդկանց ուշադրությունը Տիգրանաշեն (սահմանամերձ) գյուղի՝ Բաքվին հանձնման գործընթացից, որը խորհրդային տարիներին ներառված է եղել Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ «Դա աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Դե-ֆակտո Տիգրանաշենը մեր երկիրը կբաժանի երկու մասի։ Սա բացարձակապես անընդունելի է ցանկացած բանական մարդու համար»,- հայտարարել է Տոնոյանը։

Source: https://news.am/hy/news/1036196