Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի ղեկավարության մոտ պատրաստակամություն չի տեսնում հաշվի առնելու Ռուսաստանի զգուշացումները՝ Արևմուտքի քաղաքականության առնչությամբ։ Դրա մասին նա ասել է լրագրողներին ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։

Ըստ նրա՝ Ռուսաստանը համարում է, որ Արևմուտքի, դրանց թվում՝ Եվրոպական միության նպատակներից մեկը Հայաստանին Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ օգտագործելն է։

«Մենք զգում ենք, որ հայկական կողմը, հայաստանյան ղեկավարությունը տրամադրվածություն չի ցուցաբերում լսելու մեր զգուշացումներն այն մասին, որ Արևմուտքի, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող Եվրամիության իրական նպատակը Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելն է»,- հայտարարել է Գալուզինը։

Նա հավելել է, որ, Մոսկվայի գնահատմամբ, Արևմուտքի նման քաղաքականությունն «ապարդյուն է ու անհեռանկարային» և ուղղված է Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնելու փորձին։

Source: https://news.am/hy/news/1037040