Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Կուբայի շուրջ ռազմական ուժեր և սպառազինություն է կենտրոնացրել, ինչը Վաշինգտոնին թույլ է տալիս ռազմական գործողություն սկսել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշումից գրեթե անմիջապես հետո, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Կարիբյան տարածաշրջանում Մերձավոր Արևելքից դուրս ամերիկյան խոշորագույն ռազմածովային խմբավորումներից մեկն է։ Մայիսին տարածաշրջան է մտել USS Nimitz ավիակիր հարվածային խումբը՝ հրթիռային կործանիչների և հածանավերի հետ միասին, որոնք ունակ են ցամաքային թիրախներին բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու։ Բացի դրանից, Կուբայի ափերի մոտ մի քանի ամիս շարունակ արձանագրվել են ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախարարների կաբինետի նիստում հայտարարել է, որ Կուբան «մեծ փորձանքի մեջ է»։ Ըստ նրա՝ «մեր ափերից 90 մղոն հեռավորության վրա չկայացած պետության առկայությունը սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար»։

Աղբյուրները պնդում են, որ Պենտագոնը դիտարկում է գործողությունների տարբեր տարբերակներ՝ ՀՕՊ համակարգերի և երկրի ղեկավարության վրա կետային հարվածներից մինչև իշխանափոխության գործողություն։ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարկ Կանսիանը նշել է. «Nimitz-ը, հավանաբար, այնտեղ է առաջին հերթին ահաբեկման համար, թեև անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել ռազմական գործողության մեջ»։

Ըստ նրա՝ հնարավոր խնդիրներից մեկը կարող է լինել կուբայական ՀՕՊ համակարգի ոչնչացումը՝ հետագա օդային գործողությունների համար ապահովելու նպատակով։ Կանսիանը հայտարարել է նաև, որ հնարավոր թիրախ կարող է դառնալ Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոն։

Միևնույն ժամանակ, ամերիկացի զինվորականները լուրջ խնդրի առաջ են կանգնել. շատ նավեր արդեն մոտ տասը ամիս ծովում են՝ նախատեսված ժամկետներից զգալիորեն երկար։ Պենտագոնում մտավախություն ունեն անձնակազմերի ծանրաբեռնվածության և նավատորմի մաշվածության մասին՝ հատկապես Իրանի դեմ միաժամանակյա գործողությունների ֆոնին։

Պաշտպանական ոլորտի աղբյուրներից մեկը խոստովանել է. «Նավերի չափազանց երկար մնալը ծովում ստեղծում է երկարաժամկետ խնդիրներ, երբ գալիս է նավատորմի վերանորոգման և վերականգնման ժամանակը»։

Source: https://news.am/hy/news/1039180