Ամերիկյան և իրանական բանակցողները համաձայնության են եկել հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները սկսելու մասին 60-օրյա փոխըմբռնման հուշագրի շուրջ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի տվել իր վերջնական համաձայնությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում և տարածաշրջանում ունեցած իր աղբյուրներին։

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կդառնար ամենանշանակալի դիվանագիտական առաջընթացը պատերազմի սկզբից ի վեր, սակայն Թրամփի միջուկային պահանջները բավարարող վերջնական համաձայնագիրը դեռևս կպահանջի հետագա ինտենսիվ բանակցություններ։

«Այս համաձայնագիրը կոչված է բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք մանրամասները կմշակենք բանակցությունների ընթացքում»,- ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են, որ գործարքի պայմանները հիմնականում համաձայնեցվել էին երեքշաբթի օրվա դրությամբ, սակայն երկու կողմերին էլ դեռևս անհրաժեշտ էր բարձրագույն ղեկավարության հաստատումը։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ իրանցիներն ավելի ուշ վերադարձել և ասել են, որ ունեն անհրաժեշտ թույլտվությունները և պատրաստ են ստորագրել։ Իրանը դա չի հաստատել։ Ամերիկացի բանակցողները Թրամփին տեղեկացրել են վերջնական համաձայնագրի մանրամասների մասին, սակայն նա անմիջապես չի ստորագրել այն։

«Նախագահը միջնորդներին փոխանցել է, որ իրեն մի քանի օր է հարկավոր մտածելու համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ Թրամփը և նրա խորհրդականները մի քանի անգամ կարծել են, որ մոտ են գործարք կնքելուն պատերազմի վաղ փուլերում, սակայն բանակցությունները բազմիցս փակուղի են մտել։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ 60-օրյա փոխըմբռնման հուշագրում նշվելու է, որ Հորմուզի նեղուցով նավարկությունը լինելու է «անսահմանափակ»։

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դա նշանակում է տուրքերի և հալածանքների բացակայություն, և որ Իրանը պետք է 30 օրվա ընթացքում հեռացնի նեղուցում տեղադրված բոլոր ականները։ Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը ևս կվերացվի, սակայն դա տեղի կունենա առևտրային նավագնացության վերականգնմանը համամասնորեն։

Ըստ պաշտոնատար անձանց՝ փոխըմբռնման հուշագիրը կներառի միջուկային զենքի ստեղծմանը չձգտելու Իրանի պարտավորությունը։ Այն նաև կնշի, որ 60-օրյա ժամանակահատվածում քննարկվող առաջին հարցերը կլինեն Իրանի բարձր հարստացված ուրանի օգտահանումը և Իրանում հարստացման խնդրի լուծումը։

ԱՄՆ-ը պարտավորվում է բանակցությունների շրջանակում քննարկել պատժամիջոցների մեղմացումը և Իրանի սառեցված միջոցների ապասառեցումը։ Փոխըմբռնման հուշագիրը կներառի նաև այնպիսի մեխանիզմի քննարկում, որը կօգնի Իրանին սկսել ապրանքներ և մարդասիրական օգնություն ստանալ։ Նույնիսկ բանակցությունների ավարտից հետո՝ վերջին 48 ժամվա ընթացքում, ԱՄՆ-ի և Իրանի միջև երկու բախում է տեղի ունեցել Հորմուզի նեղուցում։

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Իրանն այժմ հնարավորություն ունի «թուլացնելու» իր տնտեսության լարվածությունը, և «նրանց համակարգում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ սա մեկ այլ ուղղությամբ գնալու հնարավորություն է»։ «Թե արդյոք դա իրականում այդպես է, մենք կիմանանք 60-օրյա բանակցությունների ընթացքում»,- հավելել է նա։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ պատժամիջոցների վերացման կամ Իրանին միջոցներ փոխանցելու վերաբերյալ լրացուցիչ գործարքներ կամ գաղտնի դրույթներ չեն լինելու։ «Որքան շատ են իրանցիները պատրաստ զիջելու, այնքան ավելի շատ նրանք կստանան»,- ասել է նրանցից մեկը։

Source: https://news.am/hy/news/1039195