Եվրոպական միության երկրների արտաքին գործերի նախարարները Կիպրոսում կհավաքվեն ոչ պաշտոնական հանդիպման՝ քննարկելու արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխությունը. ինչպե՞ս մոտենալ Ռուսաստանի հետ հնարավոր ապագա բանակցություններին։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ուկրաինան ակտիվորեն դրդում է Եվրոպային մասնակցելու Մոսկվայի հետ երկխոսությանը, քանի դեռ ԱՄՆ-ի ուշադրությունն ամբողջությամբ կլանված է Իրանի հետ պատերազմով:
2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ԵՄ-ն հրաժարվել է բանակցություններից։ Այժմ, երբ պատերազմն ընթանում է արդեն հինգերորդ տարին, իսկ ԱՄՆ հովանու ներքո ընթացող բանակցությունները փակուղի են մտել, եվրոպացի պաշտոնյաները խոստովանում են. Բրյուսելը պետք է պատրաստ լինի այն պահին, երբ Կրեմլի հետ երկխոսությունն անխուսափելի կդառնա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին շաբաթներին հրապարակայնորեն կոչ է անում ակտիվացնելու դիվանագիտությունը և Եվրոպային ներգրավելու այդ գործընթացում.
«Արժե հստակ որոշել, թե հատկապես ով է ներկայացնելու Եվրոպան»:
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Reuters-ին տված հարցազրույցում ուղղակիորեն բացատրել է ուկրաինական առաջնորդի շարժառիթները.
«Ինչո՞ւ է Զելենսկին Եվրոպային խնդրում միջամտել։ Կարծում եմ՝ դրա հետևում կանգնած է պարզ վախը, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցային գործընթացից, և Կիևը ցանկանում է Եվրոպային պահել խաղի մեջ՝ որպես հակակշիռ»։
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինացի և ռուս բանակցողների վերջին առերես հանդիպումը տեղի է ունեցել փետրվարին Ժնևում՝ ճիշտ այն բանից առաջ, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին Իրանին։ Այդ փուլն ավարտվեց ձախողմամբ՝ տարածքային հարցի շուրջ կոշտ տարաձայնությունների պատճառով։ Այժմ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ ոչ մի նոր հանդիպում նախատեսված չէ, թեև Վաշինգտոնը «պատրաստ է կառուցողական դեր խաղալ, եթե հնարավորություն ընձեռվի»։
Չնայած Ռուսաստանի հարցերով ԵՄ հատուկ բանագնացի նշանակման մասին լուրերին՝ դիվանագետները դա վաղաժամ են համարում։ Նրանց խոսքով՝ նախ պետք է կողմնորոշվել պահանջների բուն էության հարցում։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը մտադիր է հինգշաբթի ներկայացնել Մոսկվային ուղղված իր «պահանջների» ցուցակը, որը, ըստ աղբյուրների, ներառում է.
Ռուսական ռազմական ներկայության կամ ազդեցության դուրսբերում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը,
ԵՄ երկրների դեմ ուղղված հիբրիդային հարձակումների (կիբեռհարձակումների, լրտես-դրոնների հարվածների և ապատեղեկատվական արշավների) դադարեցում։
Եվրոպական դիվանագիտական կորպուսը խոստովանում է, որ ԵՄ ներսում այժմ համախմբված դիրքորոշում չկա։
«Ուկրաինայի աջակցությունը մնում է անսասան, բայց մենք չունենք միասնություն այն հարցում, թե ինչպես կառուցել ապագա հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ոմանք կարծում են, որ ընդհանրապես ոչ մի շփում և սակարկություն չպետք է լինի։ Իրավիճակը բարդ է»,- եզրափակել է բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը։
Զգույշ քայլեր արդեն իսկ արվել են. փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գաղտնի Մոսկվա էր ուղարկել իր դիվանագիտական խորհրդականին, սակայն վերջինս վերադարձել էր ձեռնունայն։
Միևնույն ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ բանակցությունները պետք է սկսել այն ժամանակ, երբ Ուկրաինան առավելագույնս ուժեղ կլինի (իսկ այժմ, նրա կարծիքով, Կիևի դիրքերն ամուր են, քան երբևէ)։ Ստուբը նշել է, որ ԵՄ-ն պետք է գլխավորի այդ շփումների ծրագրումը, և ինքը նույնպես պատրաստ է միանալու գործընթացին։
Source: https://news.am/hy/news/1038895
World
Պառակտում ԵՄ-ում. նախարարները կքննարկեն ՌԴ-ի հետ բանակցելու ռազմավարությունը՝ ԱՄՆ-Իրան հակամարտություն ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։