ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կարող է հրաժարվել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից այնքան ժամանակ, քանի դեռ մի շարք մերձավորարևելյան և իսլամական պետություններ չեն համաձայնել միանալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Աբրահամյան համաձայնագրերին»։
«Դա իսկապես վիթխարի նշան կլիներ, և ես կարծում եմ, որ այդ երկրները պարտավոր են դա անել մեզ համար,- հայտարարել է Թրամփը Նախարարների կաբինետի նիստի ժամանակ։ - Անկեղծ ասած, ես համոզված չեմ, որ ընդհանրապես արժե, որ մենք կնքենք այդ գործարքը, եթե նրանք չստորագրեն համաձայնագրերը»։
Այս շաբաթ ավելի վաղ Թրամփն արդեն կոշտ դիվանագիտական ճնշում էր գործադրել մի քանի առանցքային պետությունների, ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Պակիստանի վրա՝ պահանջելով նրանցից մտնել «Աբրահամյան համաձայնագրերի» ձևաչափ, որը հիմնադրվել էր դեռևս նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Ընդսմին, ներկա պահին չկան հստակ նշաններ, որ այդ երկրները պատրաստ են դիմել նման քայլի։
Սպիտակ տան ղեկավարը չորեքշաբթի հավելել է, որ այժմ ցանկանում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցը դարձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ կարգավորման շուրջ ավելի լայնամասշտաբ բանակցությունների անբաժանելի մաս։
Այնուամենայնիվ, երբ լրագրողները փորձել են ճշտել՝ արդյոք «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնումը կոշտ և պարտադիր պայման է (conditio sine qua non) Թեհրանի հետ գործարքի համար, Թրամփը խուսափել է ուղիղ պատասխանից. «Հենց հիմա մենք կարող ենք կնքել պարզապես լավ գործարք, բայց գուցե ոչ մեծագույն։ Իսկ եթե գործարքը մեծագույն չլինի, մենք այն չենք կնքի»։
Source: https://news.am/hy/news/1038923
World
Թրամփը Իրանի հետ գործարքը կրկին կապել է «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման և Իսրայելի ճանաչման հետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։