ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ բանակցություններում չլուծված առանցքային հարցերից մեկը 2023 թվականին բանտարկյալների փոխանակումից հետո Կատարում տեղակայված իրանական շուրջ 6 մլրդ դոլարի հնարավոր ապասառեցումն է, գրել է The New York Post-ը։

Պարբերականի վկայակոչած ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ այդ միջոցները կարող են ապաշրջափակվել փուլ առ փուլ և ուղղվել սննդամթերքի ու դեղորայքի գնմանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ դրանց օգտագործումը կախված կլինի Իրանի կողմից մի շարք պայմանների կատարումից, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի բացումից և ականազերծումից։

Չի հստակեցվում՝ արդյո՞ք այս պայմաններն արտացոլում են ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, թե՞ քննարկվող համաձայնագրի նախագծի տարրեր են։

Սկզբնապես այդ միջոցները 2023 թվականին ապասառեցվել էին Ջո Բայդենի վարչակազմի կողմից՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակում, և Հարավային Կորեայից փոխանցվել էին Կատարի հաշիվներ։ Սակայն 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից և Գազայում պատերազմի սկսվելուց հետո այդ միջոցների հասանելիությունը սառեցվեց։

Աղբյուրների տվյալներով՝ բանակցությունները մնում են չավարտված։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին քննարկումն անցկացնում է Սպիտակ տան Իրավիճակային սենյակում։

Ավելի ուշ վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպումն ավարտվել է առանց վերջնական որոշման, ընդ որում՝ համաձայնագիրը մոտ է ավարտմանը, սակայն պահանջում է հետագա համաձայնեցում, այդ թվում՝ իրանական միջոցների հարցում։

Source: https://news.am/hy/news/1039635