Երբ որ մարդը վախեցած է, սկսում է բարձր գոռալ, Նիկոլ Փաշինյանը վախեցած է և այդ վախի արդյունքում ինքը սկսում է գոռգոռալ: Այդ մասին մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը:

Թեւանյանի խոսքով՝ «երբ մարդը վախեցած է, սկսում է բարձր գոռալ», և հենց այդ հոգեբանական վիճակն է, ըստ նրա, դրսևորվում Փաշինյանի հրապարակային վարքագծում։ Քաղաքագետը նշել է, որ վարչապետը «սկսում է գոռգոռալ, ճվճվալ և ընդհանրապես հայկական արժեհամակարգին ոչ հարիր դրսևորումներ ունենալ»։

Նա մասնավորապես անդրադարձել է վարչապետի և նրա թիմակիցների վարքագծին՝ նշելով, որ կնոջ նկատմամբ կոպիտ վերաբերմունքը, լեզվակռիվները և ագրեսիվ խոսույթը չեն տեղավորվում ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և հասարակական նորմերի շրջանակում։

«Դա նույնիսկ թաղային մակարդակով տղայական հարաբերությունների մեջ ընդունելի չէ։ Քաղաքական, բարոյական, իրավական բոլոր առումներով նման վարքագիծը մեզ համար անընդունելի և դատապարտելի է»,- ասել է Թեւանյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը և հայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսին եղել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեպքում։ Նրա խոսքով՝ վարչապետը նաև «ասելիք չունի», ինչի հետևանքով անցնում է անձնական վիրավորանքների։

Թեւանյանը նշել է մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ, իր կարծիքով, իշխանությունները պարտավոր են հանրությանը պատասխաններ տալ։ Դրանց թվում նա առանձնացրել է վերջերս պաստառ պոկելու դեպքով ձերբակալված երիտասարդի պատմությունը՝ պնդելով, որ իշխանությունների գործողությունները նրան հասցրել են ողբերգական վիճակի։

Բացի այդ, քաղաքագետը մեղադրել է գործող իշխանություններին Արցախը «դավաճանաբար հանձնելու» մեջ և հայտարարել, որ այժմ էլ, իր գնահատմամբ, պատրաստվում են զիջել Հայաստանի տարածքները։

Նրա խոսքով՝ իշխանությունների վարած քաղաքականությունն է հանգեցրել պատերազմի և պարտության, ինչպես նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների լարվածացմանը, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը։

«Եթե մեր ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը Ռուսաստանի հետ է, և անցած տարվա տվյալներով այն գերազանցել է 7 միլիարդ դոլարը, ապա պետք է հասկանալ՝ ում է ձեռնտու հարաբերությունների փչացումը։ Դա ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանի թշնամիներին»,- հայտարարել է Թեւանյանը։

Քաղաքագետը նաև պնդել է, որ Փաշինյանն իրականացնում է «թուրք-ադրբեջանական օրակարգ» և հենց այդ պատճառով խուսափում է բովանդակային քննարկումներից՝ փոխարենը դիմելով անձնական վիրավորանքների։

«Վիրավորանքը փաստարկի սովն է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ քաղաքական ուժերը և քաղաքացիները չպետք է տրվեն սադրանքներին և իջնեն նույն մակարդակին։

Միևնույն ժամանակ, Թեւանյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին և հանրությանը տալ «կոշտ քաղաքական պատասխաններ», ակտիվ աշխատել քաղաքացիների հետ և ներկայացնել այլընտրանքային լուծումներ։

Նա քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին՝ նպատակ ունենալով «վռնդել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանի վրայից» և, իր ձևակերպմամբ, «բացել նոր, երաշխավորված խաղաղության էջ»։

Source: https://news.am/hy/news/1036637