ՆԱՏՕ-ն կամրապնդի իր արևելյան թևի պաշտպանությունը նոր հրամանատարական կառույցի միջոցով, որը կոչված է հեշտացնելու և արագացնելու ուժերի օպերատիվ տեղափոխումը Լատվիա և Էստոնիա՝ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում։ Դրա մասին Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։
Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի ուժերը բալթյան երեք երկրներում, ինչպես նաև Լեհաստանի հյուսիսում գտնվում են միասնական «Հյուսիս-Արևելք» բազմազգ կորպուսի կառավարման ներքո, որի շտաբ-բնակարանը տեղակայված է լեհական Շչեցին քաղաքում։ Նախատեսվող փոփոխություններն ընդգծում են Բալթյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, որն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր դաշինքի հատուկ ուշադրության կենտրոնում է։
Այս տարածաշրջանում երկրորդ բանակային կորպուսի տեղակայումը ՆԱՏՕ-ին հնարավորություն կտա գործի դնել «խոշոր ուժեր հնարավորինս սեղմ ժամկետներում», ինչպես նշել է ռազմական պաշտոնյաներից մեկը: Այդ որոշումը կոչված է փոխհատուցելու բալթյան պետությունների սահմանափակ ռազմավարական խորությունն ու խոցելիությունը:
Լիարժեք օպերատիվ պատրաստվածության պայմաններում բանակային կորպուսը սովորաբար իրականացնում է երեք դիվիզիաների հրամանատարություն (քանակը՝ 40 հազարից մինչև 60 հազար զինծառայող): Խաղաղ ժամանակ այն գործում է որպես կադրային «հրամանատարական կառույց, որը համալրված է մասնագիտացված ստորաբաժանումներով՝ հրետանի, ՀՕՊ ուժեր և բժշկական ծառայություններ, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով տեղակայել հիմնական մարտական զորամասերը:
Գերմանիան և Նիդեռլանդները, ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ համաձայնեցմամբ, պայմանավորվածություն են ձեռք բերել Գերմանա-հոլանդական առաջին կորպուսը, որի շտաբ-բնակարանը գերմանական Մյունստեր քաղաքում է, ամրագրել Լատվիայի և Էստոնիայի պաշտպանական ուղղությանը, երեքշաբթի հայտնել են ռազմական աղբյուրները:
ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները ստիպված են ավելի շատ պատասխանատվություն ստանձնել սեփական անվտանգության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատության ֆոնին։ Վերջերս Թրամփը դաշինքի եվրոպացի անդամներին մեղադրել էր Իրանի հետ պատերազմում աջակցության բացակայության մեջ և հայտարարել Գերմանիայից 5000 ամերիկացի զինծառայող դուրս բերելու Վաշինգտոնի որոշման մասին։
Ըստ աղբյուրների՝ գործարքը հաղթահարել է վերջին խոչընդոտը, որը կապված էր կորպուսային ապահովման ստորաբաժանումների դեֆիցիտի հետ: Խոսքը ցանկացած բանակային կորպուսի համար խիստ կարևոր բաղադրիչների մասին է՝ հեռահար հրետանի, հակաօդային պաշտպանություն, ինչպես նաև ինժեներական և բժշկական զորամասեր: Այժմ Գերմանիան և Նիդեռլանդները այլ գործընկերների հետ համատեղ կզբաղվեն այդ ուժերի ձևավորմամբ և համալրմամբ:
Ներկա պահին չի հստակեցվում, թե որոշումը հատկապես երբ ուժի մեջ կմտնի, և զինծառայողների ինչ ճշգրիտ քանակ կանցնի նոր շտաբային ստորաբաժանման կառավարման ներքո՝ հնարավոր հակամարտության դեպքում:
Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կորպուսի ամրագրման հարցը «ներկայում մանրամասն մշակման փուլում է», և հրաժարվել է մանրամասներ տրամադրել։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի հետ համակարգման շարունակվող գործընթացը։ Դաշինքի շտաբ-բնակարանում խոստացել են պատասխանել ավելի ուշ:
Source: https://news.am/hy/news/1038591
World
ՆԱՏՕ-ն նոր կառույց կստեղծի ՌԴ-ի հետ պատերազմի դեպքում զորքերը Լատվիա և Էստոնիա արագ տեղափոխելու համար. Reuters
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։