Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ ակնկալում է ՆԱՏՕ-ից Կիևի ֆինանսական աջակցության քննարկում հուլիսին անցկացվելիք գագաթնաժողովում: Նա առաջարկել է, որպեսզի դաշինքի յուրաքանչյուր անդամ իր բյուջեի մի փոքր մասը հատկացնի այդ կարիքների համար, չնայած այն հանգամանքին, որ այս նախաձեռնությունն առայժմ դաշնակիցների կողմից ակտիվ աջակցություն չի գտել։
Reuters գործակալությանը տված հարցազրույցում դեսպան Նարիման Ջելյալովը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի հուլիսի 7–8-ը Անկարայում անցկացվելիք գագաթնաժողովին։ Նա հավելել է, որ Կիևը միաժամանակ ակնկալում է անդամ պետությունների կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Ուկրաինայի ռազմավարական նպատակի աջակցության հաստատում։
Այսօրվա դրությամբ Կիևն ուղղակիորեն կախված է միջազգային օգնությունից՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու և ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար։
Անցյալ տարվա հունիսին Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ արեց իրենց ՀՆԱ-ի 0,25%-ը հատկացնել՝ օգնելու Ուկրաինային մեծացնել սեփական սպառազինության արտադրությունը։ Ըստ պաշտոնատար անձանց՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախկինում առաջ էր քաշել այն գաղափարը, որպեսզի դաշինքի անդամները (բացառությամբ ԱՄՆ-ի) հենց այդքան գումար ուղղեն Ուկրաինայի կարիքներին։
Սակայն այս նախաձեռնությունը բախվեց դիմադրության, և անցյալ շաբաթ Ռյուտեն խոստովանեց, որ դժվար թե այն հաստատվի:
Դիվանագիտական աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ դաշինքի ներսում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե գագաթնաժողովում հատկապես ինչ քայլեր ու որոշումներ կկարողանան ակնառու կերպով ի ցույց դնել ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող անփոփոխ աջակցությունը։
Ուկրաինան Թուրքիային նախագիծ է առաջարկում ԱԹՍ-ների արտադրության ոլորտում
Չնայած նախաձեռնության լայն աջակցության բացակայությանը՝ դեսպանը հասկացրել է, որ Կիևը շարունակում է պնդել այդ գաղափարի իրագործման անհրաժեշտությունը:
«Այստեղ կարող էր գործարկվել մի մեխանիզմ, որի դեպքում ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ իր ֆինանսական միջոցների մի մասը կներդներ Ուկրաինայի անվտանգության ներուժի ամրապնդման համար»,- նշել է Ջելյալովը՝ միաժամանակ խոստովանելով, որ ամենևին ոչ բոլոր դաշնակիցներն են պատրաստ ռեսուրսներ հատկացնել ՆԱՏՕ-ի չափանիշների շրջանակում ազգային պաշտպանության արդիականացմանն ուղղված սեփական ջանքերի ֆոնին։
«Սակայն մենք չենք ասում. «Տվեք մեզ 100%»։ Խոսքը միայն շատ փոքր մասնաբաժնի մասին է»,- հավելել է նա՝ առանց կոնկրետ թվերի մեջ խորանալու։
Առաջիկա գագաթնաժողովը կանցնի Վաշինգտոնի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև մի շարք հարցերի շուրջ պահպանվող լարվածության ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ՆԱՏՕ-ի գործընկերներից պահանջել է էապես ավելացնել պաշտպանական ծախսերը, քանի որ ամերիկյան վարչակազմը ելնում է այն կանխավարկածից, որ եվրոպական երկրները, ի վերջո, պետք է ստանձնեն իրենց մայրցամաքի կոնվենցիոնալ պաշտպանության հիմնական պատասխանատվությունը։
Ջելյալովն ընդգծել նաև է, որ Ուկրաինան ողջունում է Թուրքիայի միջնորդական ջանքերը Կիևի և Մոսկվայի միջև հակամարտության կարգավորման գործում՝ հավելելով, որ ուկրաինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Նրա կարծիքով՝ Թուրքիան ամենահարմար հարթակն է այդ գործընթացի համար, քանի որ այն արդեն հյուրընկալել է բանակցությունների նախորդ փուլերը և աշխատանքային շփումներ է պահպանում երկու կողմերի հետ։
Դեսպանը հատկապես առանձնացրել է պաշտպանական արդյունաբերությունը՝ որպես Անկարայի և Կիևի միջև համագործակցության առանցքային ուղղություն՝ հիշեցնելով, որ Զելենսկին մանրամասն քննարկել է այդ հարցերը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ապրիլին Ստամբուլ կատարած այցի ժամանակ։
Ջելյալովը հայտնել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկ է ուղարկել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոլորտում հնարավոր վաճառքի, համատեղ արտադրության կամ տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։ Կիևը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում վերապատրաստել թուրք օպերատորներին։
«Մենք ունենք գաղափարներ, նախագծեր, տեխնոլոգիաներ, և դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը, բայց Թուրքիան հզոր արտադրական բազաներ ունի։ Մեր տարածքում այս գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քանի որ ռուսական կողմն անընդհատ հարվածներ է հասցնում... Հենց այդ պատճառով մեզ համար հիմա դժվար է սպառազինության որոշ տեսակներ արտադրել, մինչդեռ Թուրքիան տիրապետում է դրա համար անհրաժեշտ հզորություններին»,- եզրափակել է դիվանագետը։
Source: https://news.am/hy/news/1038549
World
Անկարայում Ուկրաինայի դեսպանն առաջարկել է ՆԱՏՕ-ի շրջանակում Կիևին օգնելու համար պարտադիր «հարկ» սահմանել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։