Ուկրաինայի համար հրետանային արկերի գնման չեխական նախաձեռնությանը մասնակցող պետությունների թիվը կիսով չափ կրճատվել է այն բանից հետո, երբ վարչապետ Անդրեյ Բաբիշն անցյալ տարվա դեկտեմբերին վերադարձավ իշխանության՝ Չեխիայի քաղաքացիներին խոստանալով ազատել Կիևի համար զենքի ծախսերից, գրում է Financial Times-ը։
Ըստ Չեխիայի նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Պետր Պավելի՝ այսօրվա դրությամբ նախաձեռնության ֆինանսավորումը շարունակում է ընդամենը ինը երկիր, մինչդեռ անցյալ տարի նրանց թիվը հասնում էր 18-ի։ Այդ միտումը լուրջ մտահոգություն է առաջացնում ծախսերի բեռի բաշխման և նախագծի ապագայի վերաբերյալ, որը մեկնարկել էր նախորդ՝ եվրոպամետ կառավարության կողմից՝ հենց Պավելի հզոր աջակցությամբ։
«Նախաձեռնությունը դեռ գործում է, սակայն նոր դժվարությունն այն է, որ ֆինանսական ներդրում են կատարում անդամ պետություններից միայն մոտ ինը,- Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Պավելը:- Այս նախագիծն ապահովում էր ուկրաինական կողմի համար խոշոր տրամաչափի զինամթերքի մինչև 50%-ը, ուստի այս առումով այն հնարավոր չէ հեշտությամբ փոխարինել մեկ այլ բանով»։
2024 թվականից ի վեր Պրահան հանդես է եկել որպես ավելի քան 4 միլիոն խոշոր տրամաչափի հրետանային արկերի՝ Կիև մատակարարումների գլխավոր համակարգող՝ օգնելով լրացնել Ուկրաինայի զինամթերքի սպառվող պաշարները և աջակցել նրա պաշտպանությանը։
Պավելը նշել է, որ այդ նախաձեռնության ապագան պետք է դառնա հուլիսին Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկման դրվող հարցերից մեկը։
Չեխիայի նախագահի գրասենյակը հրաժարվել է նշել այն երկրների անունները, որոնք վերջերս դուրս են եկել կոալիցիայից։ Սակայն արևմտյան ռազմական պաշտոնյան անանունության պայմանով հայտնել է, որ Գերմանիան և սկանդինավյան որոշ երկրներ մնում են մասնակիցների շարքում՝ միաժամանակ հավելելով. «Մի շարք պետություններ այժմ տարօրինակ են համարում վճարել մի բանի համար, ինչը պատշաճ կերպով չեն աջակցում նույնիսկ կազմակերպիչ երկրի իշխող քաղաքական գործիչները»։
Բաբիշը Financial Times -ին տված առանձին մեկնաբանությունում ընդգծել է, որ իր կառավարությունը սահմանափակ պետական միջոցներն ուղղում է չեխ քաղաքացիների առաջնահերթ կարիքներին, որոնց տնային տնտեսությունները պայքարում են էլեկտրաէներգիայի բարձր հաշիվների դեմ՝ Իրանի շուրջ հակամարտության ֆոնին, այլ ոչ թե Ուկրաինայի աջակցությանը։
«Մենք փող չունենք, ուստի միջոցներ ենք ստանում այլ երկրներից և ապա զինամթերք ենք մատակարարում»,- պարզաբանել է չեխ վարչապետը։
Անցյալ տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ Բաբիշը սպառնում էր ամբողջությամբ փակել զինամթերքի ծրագիրը՝ քննադատելով այն միջոցների ծախսման ենթադրյալ ոչ թափանցիկության և այն բանի համար, թե որքանով է այն ուղղակի օգուտ բերում պրահյան Czechoslovak Group (CSG) հոլդինգին։
CSG-ն՝ Եվրոպայում զինամթերքի խոշորագույն արտադրողներից մեկը, հանդես էր գալիս որպես Չեխիայի կառավարության հիմնական կորպորատիվ գործընկեր՝ Ուկրաինայի արևմտյան հովանավորների պատվերով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից հրետանային արկերի որոնման, գնման և վերականգնման գործում։
CSG-ի սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Միխալ Ստրնադը հայտնել է, որ Բաբիշի վարչակազմը պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ամսով անորոշ վիճակում է թողել նախաձեռնությունը՝ «որոշ իրավաբանական նրբերանգների պատճառով, որոնք դուր չեն եկել նոր կառավարությանը, ուստի ժամանակ է պահանջվել դրանք պարզաբանելու համար»։
Ընդսմին, ըստ Ստրնադի, դեռ վաղ է կանխատեսել՝ արդյոք Կիևն այս տարի ավելի քիչ արկեր կստանա՞ իր արևմտյան դաշնակիցներից, քանի որ որոշ պետություններ կարող էին անցում կատարել մատակարարման այլընտրանքային ուղիների։
«Դոնոր երկրներից մի քանիսը փաստացի հայտարարել են, որ այլևս հետաքրքրված չեն նախաձեռնությունն ուղղակիորեն ֆինանսավորելու հարցում, ուստի նրանք արտադրանքը գնում են կա՛մ մեզանից, կա՛մ այլ մատակարարներից,- եզրափակել է Ստրնադը։- Ծրագիրը մեռած չէ, այն գործում է, բայց գործընթացը որոշ չափով դանդաղել է»։
Source: https://news.am/hy/news/1038620
World
Ինը երկիր դուրս է եկել Ուկրաինայի համար զինամթերքի գնման կոալիցիայից. FT
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։