Mango նորաձևության հսկայի հիմնադիր Իսակ Անդիկի որդին՝ Ջոնաթան Անդիկը, ժամանակավորապես լքում է նորաձևության խմբի տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Որոշումդ ընդունվել է հոր մահվան գործի հետաքննության շրջանակում նրան որպես կասկածյալ պաշտոնապես ճանաչելուց հետո, հայտնում է Reuters-ը։
Երեքշաբթի հրապարակված բաց նամակում Անդիկ կրտսերը վճռականորեն հայտարարել է իր անմեղության մասին՝ ընդգծելով, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները «ոչ մի աղերս չունեն իրականության հետ», սակայն դրանք հերքելու համար շատ ժամանակ կպահանջվի։
«Հանրային տարածքում ձևավորվել է կատարվածի միակողմանի, համատեքստից կտրված և աղավաղված պատկեր։ Դա ստեղծել է մեղքի պատրանք, որը ոչ աղերս չունի իրականության հետ։ Ես հասկանում եմ, որ այդ վարկածը հերքելու համար կպահանջվեն ժամանակ, ջանքեր և առավելագույն կենտրոնացում»,- ասվում է Ջոնաթան Անդիկի հայտարարության մեջ։
Իսպանական դատարանը Անդիկին կասկածյալի կարգավիճակ է տվել անցյալ շաբաթ։ Հիշեցնենք, որ ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկը մահացել է 2024 թվականի դեկտեմբերին՝ Բարսելոնայի մերձակա լեռներում որդու հետ համատեղ զբոսանքի ժամանակ ժայռից ավելի քան 100 մետր բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։ Դատավորի որոշման մեջ նշված է, որ գործում առկա են ապացույցներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ գործարարի մահը կարող էր դժբախտ պատահար չլինել, իսկ Ջոնաթան Անդիկը «կատարվածում ակտիվ և դիտավորյալ դեր է խաղացել»։
Ջոնաթան Անդիկը Mango հոլդինգային ընկերության գործադիր փոխնախագահ է նշանակվել 2025 թվականի հունվարին՝ հոր մահից մոտ վեց շաբաթ անց։ Երեքշաբթի Mango-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել, որում արտահայտել է «դատական քննության բարեհաջող ավարտի նկատմամբ լիակատար վստահություն» և հույս, որ «դա տեղի կունենա հնարավորինս կարճ ժամկետներում»։
Դատական փաստաթղթում նշվում է նաև, որ հոր և որդու հարաբերությունները լրջորեն վատթարացել էին «Ջոնաթան Անդիկի՝ փողի հանդեպ ունեցած մոլուցքի» ֆոնին։ Բացի դրանից, հետաքննությունը հղում է կատարում նրա WhatsApp-յան նամակագրությանը, որտեղ նա արտահայտում էր «ատելության, վիրավորանքի զգացումներ և մահվան մասին մտքեր՝ հորը մեղադրելով իր խնդիրների համար»։
45-ամյա Ջոնաթան Անդիկը կտրականապես համաձայն չէ նման մեկնաբանության հետ։ Իր բաց նամակում նա նշել է. «Մենք կիսել ենք շատ երջանիկ, սրտառուչ և սիրառատն պահեր։ Ինչպես և շատ ընտանիքներում, մենք ևս բախվել ենք դժվար ժամանակների և տարաձայնությունների, սակայն հաղթահարել ենք դրանք հսկայական ջանքերի, մեծահոգության և փոխադարձ աջակցության շնորհիվ»։
Source: https://news.am/hy/news/1038639
World
Mango-ի հիմնադիրի որդին լքում է պաշտոնը՝ հոր մահվանը հնարավոր առնչության մեղադրանքների հետաքննության ընթացքում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։