Բարսելոնայում 14-րդ դարում հիմնադրված Պեդրալբես վանքը հետազոտող հնագետներն ութ դամբարաններում 25 մարդու մասունքներ են հայտնաբերել, այդ թվում՝ Արագոնի և Վալենսիայի թագավոր Խայմե II-ի կնոջ՝ Էլիսենդա դե Մոնկադա թագուհու աճյունը, գրում է Live Science-ը։

Հնագետները պեղումներն իրականացրել են վանքի հիմնադրման 700-ամյակի տոնակատարության շրջանակում։ Գիտնականները բացել են թագուհու, վանքի առաջին վանամայրերի և օթևանի վաղ պատմության հետ կապված այլ անձանց տապանները։

Վերլուծությունը ցույց է տվել, որ Էլիսենդան մահացել է մոտ 70 տարեկանում։ Նրա մասունքները գտնվել են փոքր փայտե արկղում։ Թագուհին հուղարկավորված է եղել համեստ վանական հագուստով, սակայն դամբարանում պահպանվել են ոսկեթել ասեղնագործությամբ մետաքսե գործվածքի, ինչպես նաև ռոզմարինի և մրտենու հետքեր։

Վանքի առաջին վանամայր Սոբիրանա Օլզետի դամբարանում հետազոտողները հայտնաբերել են դեմքի վնասվածք, որը հասցվել է մահվանից քիչ առաջ կամ մահվան պահին։ Ենթադրվում է, որ խոսքը դանակի հարվածի մասին է։

Էլ ավելի անսպասելի են եղել մյուս թաղումների հետազոտության արդյունքները։ Դամբարաններից մեկում, որը նախկինում վերագրվում էր ասպետ Արտաու դե Ֆոսեսին, հնագետները մեկ տղամարդու փոխարեն հայտնաբերել են հինգ հոգու՝ երկու չափահաս կնոջ և երեք երեխայի մասունքներ։ Ընդ որում, ասպետին համապատասխանող տղամարդու աճյուն չի գտնվել։ Կանանցից մեկի գանգին դեռևս պահպանված է եղել երկար հյուսքը։

Երկրորդ վանամայր և թագուհու զարմուհի Ֆրանսեսկա Սապորտելայի տապանում եղել են առնվազն ինը հոգու մասունքներ, որոնք թաղվել են տարբեր ժամանակներում։ Դրանց թվում հայտնաբերվել են դանակի հարվածների հետքերով տղամարդու չորս գանգեր, ինչպես նաև հղիության ընթացքում մահացած կնոջ մասնակի մումիացված մարմին։ Նրա ծննդաբերական ուղիներում պահպանվել են մոտ 20-23 շաբաթական պտղի մասունքները։

Բացի ոսկորներից, հնագետները հայտնաբերել են փաստաթղթեր, մագաղաթներ և նոտագրություններ, որոնք այժմ պահպանման և ուսումնասիրության փուլում են։

Նախնական արդյունքները ցույց են տվել, որ թաղվածների մեծ մասը բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող կանայք են եղել, որոնցից շատերն ապրել են մինչև խոր ծերություն և տառապել տարիքային հիվանդություններով, այդ թվում՝ օստեոարթրիտով։

Այժմ շարունակվում է մասունքների գենետիկական անալիզը։ Գիտնականները հույս ունեն հաստատել թաղվածների ինքնությունը, պարզել նրանց միջև ազգակցական կապերը և հայտնաբերել հնագույն վարակիչ հիվանդությունների հնարավոր հետքերը։ Հետազոտության ամբողջական արդյունքները սպասվում են 2027 թվականին։

Source: https://news.am/hy/news/1039622