Մերձավորարևելյան հակամարտությամբ պայմանավորված համաշխարհային էներգետիկ ճգնաժամը ամառային սեզոնի մոտեցմանը զուգընթաց նոր փուլ է թևակոխում։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ շուրջ 80 երկիր արտակարգ միջոցներ է ձեռնարկել սեփական տնտեսությունը պաշտպանելու համար։ Aberdeen կառավարող ընկերության գլխավոր տնտեսագետ Փոլ Դիգլը պարբերականին հայտնել է, որ Brent տեսակի նավթի մեկ բարրելի գինը կարող է հասնել 180 դոլարի։

Նավթի, դիզելային և ավիացիոն վառելիքի մատակարարումների հետ կապված իրավիճակը կարող է էլ ավելի սրվել՝ օդորակիչների օգտագործման և արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ քաղաքացիների պահանջարկի աճի պատճառով։ Պարբերականը նշում է, որ տնտեսագետները չեն բացառում նավթի գների նոր թռիչքը, քանի որ համաշխարհային պաշարները սպառվում են դիտարկումների ողջ պատմության ընթացքում ռեկորդային արագությամբ։

Տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով եվրահանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը, որի խոսքերը մեջբերում է թերթը, հայտարարել է, որ եթե մերձավորարևելյան հակամարտությունը մոտակա շաբաթներում չկարգավորվի, ապա «համաշխարհային ռեցեսիան կարող է անխուսափելի դառնալ»։

Source: https://news.am/hy/news/1036171