Մենք օրեցօր ավելի ենք մոտենում Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Մայիսի 20-ին՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվության ներկայացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Միևնույն ժամանակ, Սարգսյանը «անշնորհակալ գործ» է անվանել վիզային ռեժիմի ազատականացման հստակ ժամկետներ նշելը՝ պարզաբանելով, որ վերջնական որոշումը մնում է Եվրամիությանը։
«Այս գործընթացը հնարավորություն կտա արժանապատվորեն ճամփորդել, իսկ Հայաստանի իշխանություններին՝ իրականացնել երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ հաշվետվության մեջ առաջընթացի բարձր տեմպեր են արձանագրվել այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսիք են կենսաչափական փաստաթղթերն ու համակարգերը, սահմանային հսկողությունը, միգրացիան և ապաստանի տրամադրումը։
«Մենք գործընկերներից ստացել ենք 52 առաջարկ և պատրաստ ենք կյանքի կոչել դրանք բոլորը։ Մենք կարևորում ենք նաև նախկինում նախաստորագրված փաստաթղթերի շրջանակներում դրույթների իրականացումը։
Հայաստանը ԵՄ-ի համար կանխատեսելի ու հուսալի գործընկեր է, և մենք մտադիր ենք ժամանակին ու հետևողականորեն իրականացնել Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները։ Հայաստանին մեծ աշխատանք է սպասվում։ Մեր թիմի առջև խնդիր է դրված երկխոսության մեկնարկից հետո անել ամեն ինչ, որպեսզի 2-3 տարվա ընթացքում կատարվեն ԵՄ բոլոր առաջարկները։ Մենք կանենք առավելագույնը գործընթացներն արագացնելու համար, ընդ որում՝ կարևոր է նաև իրականացման որակը։ Եթե շարունակենք նույն տեմպերով, և բոլոր միջոցառումները պատշաճ կերպով կատարվեն, շատ շուտով մեր քաղաքացիները կմոռանան վիզա ստանալու համար ԵՄ երկրների դեսպանատներ դիմելու խնդրի մասին»,- եզրափակել է Սարգսյանը։
Source: https://news.am/hy/news/1036900
Armenia
Մենք օրեցօր մոտենում ենք ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը․ Արփինե Սարգսյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։