Մեր հաղթանակը լինելու է անարյուն, առանց պատերազմի. մենք առաջարկում ենք հաղթել Ադրբեջանին տնտեսական մրցակցության մեջ։ Այս մասին մայիսի 15-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հենց այդպիսի ուղի ընտրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան և Ճապոնիան՝ երկրներ, որոնք ռազմական պարտություն կրեցին, բայց արդյունքում կարողացան բեկել իրավիճակը տնտեսական թռիչքի միջոցով։ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանն ի վիճակի է նույնն անել։ Նա ընդգծեց, որ բնական պաշարների՝ պղնձի, ոսկու, արծաթի, ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման դեպքում երկիրն ունակ է հինգ տարում բյուջեն հասցնել 45 միլիարդ դոլարի, ինչը կրկնակի կգերազանցի Ադրբեջանի ներկայիս բյուջեն։ «Նման իրավիճակում Ալիևն այլևս մեզ հետ հրամայական տոնով չի խոսի»,- նշեց նա։

Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության հավաքական ներկայիս համակարգը՝ դրանից դուրս գալն անվանելով առաջնահերթ խնդիր։ Նրա խոսքով՝ հենց այդ համաձայնագրի պատճառով է, որ Հնդկաստանից, Ֆրանսիայից գնված և ԱՄՆ-ից ստացված ողջ ժամանակակից սպառազինությունը հակամարտության դեպքում ռիսկի է դիմում հաշված օրերի ընթացքում վերածվել ջարդոնի, քանի որ երկրի օդային տարածքը մնում է անպաշտպան ցածր թռչող անօդաչու թռչող սարքերից։ «100–150 հազար դոլար արժողությամբ ադրբեջանական բայրաքթարները երեք օրում ոչնչացրին մեր С -300-ները, որոնց յուրաքանչյուր հրթիռն արժե մեկ միլիոնից ավելի»,- հիշեցրեց նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին անդամակցությանը՝ Սարգսյանը հայտարարեց, որ կազմակերպությունը, որը չի ճանաչել Հայաստանի սահմանները, ըստ սահմանման չի կարող պաշտպանել դրանք, իսկ դրանում մնալը երկրին զրկում է արևմտյան դաշնակիցներից ժամանակակից սպառազինություն գնելու հնարավորությունից։ Երևանի հասցեին Ռուսաստանի կողմից հնչող սպառնալիքները նա անվանեց վախեցման վաղուց ծանոթ սցենար, որը երբեք իրական հետևանքների չի հանգեցրել։ «Ռուսաստանը միշտ այդպես է անում՝ գալիս է ամեն գարուն ու ասում՝ այս սարն իմն է։ Բայց իրական քայլերի նրանք չեն դիմի»,- ընդգծեց նա։

Առանձնահատուկ կերպով Սարգսյանը նշեց, որ հենց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է 2008 թվականի փետրվարին՝ իր լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ, հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնել «Հարավկովկասյան երկաթուղուն»՝ Ռուսաստանի հետ փոխկապակցված կառույցին։ Նրա խոսքով՝ հենց այս որոշումն է այսօր արգելափակում հայկական տարածքով «TRIPP» (Թրամփի երթուղի) տրանսպորտային միջանցքի լիարժեք գործարկումը։ «Ահա թե ինչու միջանցքը տեղից չի շարժվում. և հենց այդ պատճառով է վարչապետը ստիպված խնդրել Մոսկվային՝ գոնե կառավարումը վաճառել ղազախներին»,- նշեց նա։

«Հանրապետություն» կուսակցության ներկայությունը խորհրդարանում Սարգսյանն անվանեց ոչ միայն քաղաքական, այլև աշխարհաքաղաքական անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ներկայիս կազմում ներկայացված են ռուսամետ ուժեր և «հավասարակշռման» կողմնակիցներ, մինչդեռ եվրոպամետ ձայներ ընդհանրապես չկան։ Խորհրդարանում բացահայտորեն դեպի արևմտյան արժեքներ կողմնորոշված ուժի հայտնվելը ազդակ կդառնա Եվրամիության և ԱՄՆ-ի համար և կարագացնի ինչպես առանց վիզայի ռեժիմի ներդրումը, այնպես էլ խոշոր ներդրողների մուտքը։ «Երբ Եվրոպան տեսնի, որ հայկական խորհրդարանում վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ ներկայացված են եվրոպական արժեքներ կրող ուժեր, դա կհանգեցնի ամեն ինչի արագացմանը՝ և՛ վիզաների ազատականացմանը, և՛ Amazon-ի գալստյանը, և՛ մեր ապրանքների համար համաշխարհային շուկաների բացմանը»,- ընդգծեց նա։

Խոսելով նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքների մասին՝ Սարգսյանը հայտնեց, որ կուսակցությունը շեշտը դրել է բնակելի թաղամասերի բակերում ընտրողների հետ ուղիղ աշխատանքի վրա՝ խուսափելով ավանդական հանրահավաքների ձևաչափից։ Նրա խոսքով՝ մարդկանց արձագանքը, նույնիսկ այն շրջաններում, որտեղ կուսակցությունը շտաբեր չունի, անսպասելիորեն ջերմ է եղել։ Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումները վաղուց վերածվել են քաղաքական քարոզչության գործիքի. Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությանը մեկ տոկոս էին տալիս, իսկ նա հավաքեց տասնմեկ տոկոս։ «Ես չեմ տեսաբանում. սա փաստ է, որը կարելի է ստուգել թեկուզ արհեստական բանականության միջոցով»,- եզրափակեց նա։

Source: https://news.am/hy/news/1035786