Կար հետխորհրդային մի շրջան, երբ Ռուսաստանը հավակնում էր մենաշնորհի որոշակի տարածքում և շատ ցավոտ էր վերաբերվում այլ ուժային կենտրոնների հետ հետխորհրդային երկրների փոխգործակցությանը։ Ասես թե՝ սա մերն է, նույնիսկ եթե ինքնիշխան է։ Մայիսի 15-ին Երևանում կայացած «Ռուս-ամերիկյան հարաբերությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա» համաժողովի ժամանակ դրա մասին հայտարարելէ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ռուսաստանի արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Իվան Սաֆրանչուկը։

Ըստ նրա՝ այդ հարցում հետխորհրդային երկրների դիրքորոշումները տարբեր էին։ Ոմանք աջակցում էին այդ մոտեցմանը, իսկ մյուսները՝ ոչ։

«Ոմանք ասում էին՝ «Ոչ, ինչ ուզում, անում ենք», իսկ մյուսները, ինչպես, օրինակ, Հայաստանը՝ «Այո, մենք ձեզ հետ նույն կապի մեջ ենք, բայց դուք դրա դիմաց միշտ պետք է մեր կողմից լինեք»։ Ես, իհարկե, պարզեցնում եմ, բայց մեխանիզմն ընդհանուր առմամբ այդպիսին էր։ Հետո Ռուսաստանը, 2000-ականների սկզբին գլոբալացման գործընթացին իր հաջող, թեկուզ ոչ կատարյալ մասնակցությանը զուգահեռ, սկսեց հեռանալ այդ մենաշնորհային դիրքորոշումից։ Այն սկսեց բարդանալ։ Ռուսաստանը, որքանով ինձ թվում է, աստիճանաբար սկսեց անցնել այն դիրքորոշմանը, որ հեգեմոններ ընդհանրապես չլինեն։ Այսինքն՝ ոչ մեզ, ոչ ձեզ։ Ընդ որում՝ հետխորհրդային տարածաշրջանի տարբեր հատվածներում»,- պարզաբանել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանն այդ ժամանակ մասամբ գործում էր բնազդաբար։ Նա բավարար չափով չէր հայեցակարգում իր գործողությունները։ Այդ պատճառով էլ նման մոտեցումը սխալ էր ընկալվում։

Մոսկվան, ինչպես կարծում է պրոֆեսորը, փորձում էր Երևանին հասցնել այն միտքը, որ նա այսուհետ պետք է սկսի ապավինել ինքն իրեն, սեփական ռեսուրսներին, հնարավորություններին և ուժերին։

Source: https://news.am/hy/news/1035784