Հայաստանում արդեն երրորդ անգամ իրականացվում է կենդանիների ստերջացման լիովին բարեգործական ծրագիր։ Ծրագիրն իրականացվում է Վանաձոի «Շուն և կատու» կլինիկայի նախաձեռնությամբ՝ Բրիջիթ Բարդոյի հիմնադրամի և կենդանիներին օգնող գերմանական «Tierschutz» հիմնադրամի հետ համատեղ, հայկական գործընկեր կազմակերպությունների և կամավորների աջակցությամբ։

Ինչպես NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կլինիկայի ղեկավար Վասիլի Մալյուկովը, ծրագիրն իրականացվում է երրորդ անգամ 2 տարվա ընթացքում՝ անցյալ տարի երկու անգամ, այս տարի՝ առաջին անգամ։

«Նախատեսում ենք այցելել Հայաստանի չորս մարզ՝ Վայոց ձոր, Արմավիր, Շիրակ և Լոռի։ Մայիսի 16-28-ին նախատեսում ենք 800 վիրահատություն։ Պատրաստվում ենք վիրահատել ոչ միայն անօթևան կենդանիներին, այլև տնային խառնածին կենդանիների, այն մարդկանց կենդանիներին, որոնք հնարավորություն չունեն հասնել Երևան։ Ռուսաստանից ժամանում է պրոֆեսիոնալ անասնաբույժ-վիրաբույժների թիմ, բացի այդ՝ ձևավորվում է կամավորական թիմ։ Ծրագիրն ամբողջությամբ բարեգործական է, ոչ կոմերցիոն», - հայտնել է Վասիլի Մալյուկովը։

Նման ծրագրերը անհրաժեշտ են Հայաստանին, քանի որ բյուջեի շրջանակում չի հաջողվում լուծել ստերջացնան հարցը։ Այդուհանդերձ, կազմակերպիչները տեղերում բախվել են պասիվ հակազդեցության։

«Վայոց ձորում, ցավոք, մենք հակամարտություն ունեցանք Վայքի վարչակազմի հետ։ Վերջին պահին նրանք հրաժարվեցին մեզ տարածք տրամադրել, և տեղում կազմակերպիչը ստիպված եղավ տարածք փնտրել, փառք Աստծո, այն գտնվեց։ Իր որոշումը Վայքի վարչակազմը բացատրել է նրանով, որ իրենք դեմ են իրենց քաղաքում հարևան բնակավայրերից բերված կենդանիների ստերջացմանը։ Դա ցնցեց ինձ։ Սկզբում նրանք ասացին, որ մենք իրավունք չունենք իրենց տարածքում հարևան բնակավայրերից բերված կենդանիներ ստերջացնել, հետո ասացին, որ մենք պարտավոր ենք Վայքում որսալ հարյուր շուն, և միայն դրանից հետո նրանք տարածք կտրամադրեն։ Մենք որսի համար ռեսուրսներ չունենք, մենք ռեսուրսներ ունենք վիրահատության և նախա- և հետվիրահատական խնամքի համար։ Որսով զբաղվելու են կամավորները, և, բնականաբար, մենք չենք կարող քաղաքային իշխանություններին երաշխավորել, որ կկարողանանք հարյուր շուն որսալ։ Այնուամենայնիվ, մենք հաստատ գնում ենք Վայք։ Մեզ հետ տանում ենք շարժական կլինիկա։ «Դինգո» թիմը մեզ պարտքով տվել է շարժական կլինիկա, որպեսզի ունենանք լրացուցիչ տարածք վիրահատությունների համար։

Ինչ վերաբերում է Արմավիրին, ապա այն, ցավոք, դեռ հարցականի տակ է։ Մենք նրանց մեկ ամիս առաջ նախազգուշացրել էինք և խնդրել էինք տարածք տրամադրել։ Նրանք ասացին «այո», բայց մինչ Արմավիր մեկնելը մնում է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, և մինչ օրս նրանցից ոչ մի պատասխան չկա։ Հետևաբար, հնարավոր է՝ փոխեմ ծրագրերը, և Արմավիրի փոխարեն գնանք Վանաձոր, որպեսզի ավելի երկար աշխատենք Վանաձորում։ Վանաձորում մենք ունենք մեր սեփական կլինիկան, որտեղ կարող ենք աշխատել՝ առանց լրացուցիչ ռեսուրսներ ծախսելու։

Մայիսի 16-ին մենք սկսում ենք աշխատանքը Եղեգնաձորում։ Այնտեղ բնակչությունը տեղեկացված է։ Մենք պատրաստ ենք ընդունել կենդանիներ ոչ միայն Եղեգնաձորից, այլև Վայքից, Ջերմուկից, Մարտունիից», - հայտնել է Վասիլի Մալյուկովը։

Անցյալ տարի ծրագրի շրջանակում իրականացվել է 853 վիրահատություն՝ գարնանը ավելի քան 400, աշնանը՝ ավելի քան 300, իսկ այս ծրագրերի միջև վիրահատություններ են կատարվել նաև «Շուն և կատու» կլինիկայի բազայում, այդ թվում՝ անօթևան կենդանիների համար։

Հիշեցնենք, որ մարզերում անօթևան կենդանիների ստերջացման մունիցիպալ ծրագրեր չկան, այնտեղ հարցը լուծվում է տենդերների միջոցով։ Կենդանիների պաշտպանության բազմաթիվ ակտիվիստներ բազմիցս բարձրաձայնել են վիրահատությունների անորակ իրականացման կամ պարզապես գումարների յուրացման խնդիրը, երբ ստերջացումը հաստատող պիտակներով կենդանիները հղի են եղել կամ կերակրել են ձագերին։

Source: https://news.am/hy/news/1035601