Վերջին մեկ օրվա ընթացքում 26 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով։ Համակարգումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) Ռազմածովային ուժերի հետ։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈւ-ն։

«Վերջին 24 ժամվա ընթացքում 26 նավ, այդ թվում՝ նավթատար լցանավեր, կոնտեյներատարներ և այլ առևտրային նավեր են անցել Հորմուզի նեղուցով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմածովային ուժերի համակարգմամբ և անվտանգության ապահովմամբ», - ասված է հայտարարության մեջ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։ Իրանի իշխանությունները նաև որոշել են փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիային։

Source: https://news.am/hy/news/1036936